ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նոյեմբերի 1-3-ը Իրան կատարած աշխատանքային այցի շրջանակում նոյեմբերի 1-ին Թեհրանում մասնակցել է Իրանական էլեկտրաէներգիայի 19-րդ միջազգային ցուցահանդեսին, որին մասնակցել են շուրջ 13 երկրների  ընկերություններ:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Պապիկյանը ծանոթացել է տեղական եւ արտասահմանյան ընկերությունների կողմից այստեղ ներկայացված էլեկտրաէներգետիկ արտադրանքի ու սարքավորումների վերջին նորություններին եւ արտադրական հզորություններին: Մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ  քննարկել է  արտադրատեսակների մատակարարման ոլորտում համագործակցության հնարավորությունները:

Ցուցահանդեսի շրջանակում  Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԻԻՀ  էներգետիկայի նախարարի խորհրդական Ալի Ֆարահնաքեանի եւ Իրանում էներգետիկ սարքավորումների ամենամեծ արտադրող «Մափնա» ընկերության ղեկավարի հետ:

Մասնավորապես, «Մափնա» ընկերության ղեկավարի հետ զրույցի ժամանակ նախարարը բարձր է գնահատել էլեկտրաէներգետիկ արտադրությունում նորամուծությունների  եւ նոր տեխնոլոգիաների կիրառման իրանական ձեռքբերումները եւ հույս հայտնել, որ առաջիկայում Հայաստանը եւս հնարավորություն կունենա իր մասնակցությունն ունենենալ նմանատիպ ցուցահանդեսների:

Նախարարը «Մափնա» ընկերության ղեկավարի հետ քննարկել է Հայաստանում այլընտրանքային էներգետիկ կայանների կառուցման գործում ընկերության ներգրավվածության հնարավորությունը, մասնավորապես՝ հողմակայանների կառուցման ոլորտում ընկերության մասնակցությունը:

Իրան կատարած աշխատանքային այցի շրջանակում նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանի հետ: