Ամուլսարի վերաբերյալ նոր ի հայտ եկած հանգամանքներով 3 գործ դատարանում է, այդ պատճառով այս պահին իշխանությունները որեւէ քայլի չեն գնա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Կանաչների միության նախագահ, բնապահպան Հակոբ Սանասարյանը` անդրադառնալով մամուլի այն հրապարակմանը, որ մոտակա ամիսներին Կառավարությունը կապաշրջափակի հանք տանող ճանապարհները:

«Նախ եթե որեւէ օբյեկտի նկատմամբ գործ կա դատարանում, ապա տվյալ օբյեկտը, գործելու արտոնությունից զրկվում է, մինչև հարցի լուծում ստանալը: Ես կարծում եմ` հերթական հոգեբանական ճնշումն է, որ գործադրում են եւ ուզում են ժողովրդին ահաբեկել»,-ասաց նա` նշելով, որ այս պարագայում կապ չունի, թե ուժային կառույցների ղեկավարներն ովքեր կլինեն:

Անդրադառնալով հանքում ուրանի քանակությանը բնապահպանն ասաց, որ ՇՄԱԳ-ում ուրանի առկայության մասին տեղեկատվությունը թաքցրել են. «940 էջանոց փաստաթղթում ընդամենը մի երկու տեղ փոքր բան է գրված, ուրան, թորիումի մասին եւ մի փոքր էլ գրված է ռադիոն գազի վերաբերյալ: Լիդիանի գործադիր տնորեն Հ. Ալոյանը և նրա հայրը՝ պրոֆեսոր Պ. Ալոյանը երկար տարիներ ուսումնասիրել են տեղի ռադիոակտիվ նյութերը և ստացած արդյունքը  հրապարակել են ռուսական գիտական ամսագրերում: Սակայն Ամուլսարի շրջակա միջավայրիվրա ազդեցության գնահատում փաստաթղթում դրանք չեն ներկայացրել՝ թաքցրել են իրենց իսկ ստացած տվյալները: Եւ եթե ասում են չափազանված են տվյալները, թող իրենք իրականը հրապարակեն, թե իրոք ինչքան է, եւ ինչքան է չափազանցված: Ստախոսությունը դրոշ են դարձրել, ամոթէ, ամոթ»:

Բնապահպանն ասաց, որ իրականում Ամուլսարը հանք չի այլ հանք-երեւակում է:

«Ամուլսարի շահագործումը պատճառ կդառնա 3 գետերի և հսկայածավալ տարածքների թունավորման,Սևանա լճի աղտոտման, Ջերմուկ քաղաքի և մյուս բնակավայրերի ապագայի վնասման՝ դրանց ամայացման: «Ամուլսարի հանքի շահագործում»բառակապակցությունը պետք է շրջանառությունից հանվի: Չկա այդպիսի հանք, որ շահագործվի: Դա հանցագործ, կոռումպացված իշխանավորների հովանու ներքո սարքած գործ է: Եւ ամենագլխավորը, բացի այն,որ Հայաստանի տնտեսությանը  մեծագույն  վնաս է հասցնելու՝ այսօրվա եւ ապագայի առումով, նաեւ տեղի բնակչությունը կտրականապես դեմ է, քանի որ  պարզ ու հստակ պատկերացնում է հետեւանքները: Պետք  է ընդհանրապես  մոռանալ այդ հանքերեւակման շահագործման մասին»:

Հակոբ Սանասարյնաի կարծիքով` հանքի շահագործման պարագայում մի քանի ընտանիք գերօգուտ կունենա, սակայն ժողովուրդը կզրկվի մաքուր ջրային պաշարներից, հողային ռեսուրսներից, եւ ընդհանրապես վտանգվելու է կյանքի գոյությունը:

 Ջերմուկի բնակիչ, Ամուլսարի պահապաններից Շիրակ Բունիաթյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ նման խոսակցություններ շատ են լինում, սակայն իրենք ամեն սցենարի պատրաստ են այս խոսակցություններն իրենց վրա արդեն ազդեցություն չեն թողնում: