«Իմեդի» հեռուստաալիքը հայտնել է երկրորդ կիբեռհարձակման մասին՝ շաբաթ ալիքի աշխատանքը գրեթե կես ժամով կաթվածահարվել էր, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»:

Հոկտեմբերի 28-ին վրացական պետական հաստատությունների եւ հեռուստաալիքների կայքերը ենթարկվել էին մեծածավալ հաքերային հարձակման: Այն առնչվել էր ավելի քան 2 հազար հաշիվների, ներառյալ ՀԿ-ների եւ մասնավոր ընկերությունների կայքերը: Շատ դեպքերում կայքերի գլխավոր էջերը փոխարինվել են Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի պատկերով՝ I’ll be back («Ես կվերադառնամ») գրառմամբ:

«Իմեդիի» սերվերների վրա հերթական կիբեռհարձակումը տեղի է ունեցել նոյեմբերի 2-ին, տեղական ժամանակով 21:30-ին: Ընկերության IT մասնագետների տեղեկացմամբ՝ ցանցում է հայտնվել կրիպտովիրուս, որը գաղտնագրում ու վնասում է տեսաֆայլերը:

Մասնագետներն այս պահին փորձում են համակարգերը վերականգնել: Պատճառված վնասի չափը դեռեւս չի պարզվել, հայտնի չէ նաեւ հարձակման ծագումը:

Անհրաժեշտ է նշել, որ հոկտեմբերի 28-ի կիբեռհարձակման հետ կապված գործընկեր երկրների աջակցությամբ քննությունը վարում են Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը եւ Ներքին գործերի նախարարությունը:

Քրեական գործ է հարուցվել 2 հոդվածով՝ «համակարգչային համակարգ ինքնակամ ներթափանցում» եւ «ոտնձգություն համակարգչային տվյալների կամ համակարգչային համակարգի նկատմամբ», ինչը պատժվում է տուգանքով կամ մինչեւ 2 տարվա ուղղիչ աշխատանքներով կամ նույն ժամկետով ազատազրկմամբ: