ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նպատակ է հետապնդում խլել նավթահորերը, որոնք պատկանում են Սիրիայի ժողովրդին։ Այսպիսի հայտարարությամբ կիրակի Fox News հեռուստաալիքի եթերով հանդես է եկել կոնգրեսական Թուլսի Գաբարդը (Հավայներ), որը Դեմոկրատական կուսակցությունից 2020 թվականի նախագահի թեկնածուն է, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Խնդիրը, որ դրված է մեր զորքերի առջեւ, այն է, որպեսզի ապահովվի ամերիկյան ժողովրդի անվտանգությունը եւ ԱՄՆ ազգային անվտանգությունը։ Ցավոք, նախագահ Թրամփը փոխել է գիծը. եթե առաջ նա հանդես էր գալիս ամերիկյան զորքերը Սիրիայից դուրս բերելու օգտին, ապա այժմ ցանկանում է նրանց թողնել Սիրիայում ոչ թե նրա համար, որ պայքարի ԻՊ-ի դեմ, այլ նավթահանքերի պահպանության համար, որոնք Միացյալ Նահանգներին չեն պատկանում։ Այդ նավթահանքերը պատկանում են սիրիացի ժողովրդին»,- փաստել է դեմոկրատը։

«Դա արդի զավթման հերթական օրինակն ու վկայությունն է, որը տեղի է ունենում Սիրիայում 2011 թվականից։ Սիրիացի ժողովրդին զրկում են ռեսուրսների եւ էներգիայի հիմնական աղբյուրից, որոնք նրանց պետք են, որպեսզի գոյատեւեն եւ կյանքը սկսեն դասավորել։ Դա անվերջ պատերազմի մարտավարություն է հանուն Սիրիայում իշխանափոխության, որը, ինչպես ես համոզված եմ, պետք էլ չէր սկսել եւ որը պետք է դադարեցնել հինա»,- ամփոփել է Գաբարդը։

Ինչպես անցած շաբաթ հայտարարել է ամերիկյան ԶՈւ շտաբների պետերի կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլին, ԱՄՆ-ը մտադիր է Սիրիայում պահպանել Conoco ընկերության նավթահանքերի վերահսկողությունը Դեյր էզ Զոր նահանգում։ ՌԴ պաշտպանության նախարարությունում ասել են, որ ԱՄՆ-ը վարում է սիրիական նավթի մաքսանենգություն այլ երկրներ, քարավանները պահպանում են ամերիկյան մասնավոր ռազմական ընկերություններն ու հատուկջոկատայինները։

Հոկտեմբերի 9-ին Անկարան հայտարարել էր Սիրիայի հյուսիսում «Խաղաղության ակունք» գործողություն սկսելու մասին՝ բուֆերային գոտի ստեղծելու նպատակով։ Այն պետք է դառնար պաշտպանական գոտի թուրքական սահմանի համար։ Այս շրջան, ըստ Անկարայի մտահղացման, Թուրքիայից կարող են վերադառնալ սիրիացի փախստականները։ Դամասկոսը գործողությունն անվանել է ագրեսիա, համաշխարհային հանրությունը դատապարտել է Անկարայի գործողությունները։ Հոկտեմբերի 17-ին Միացյալ Նահանգները եւ Թուրքիան համաձայնագիր են ձեռք բերել մարտական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ։ Թուրքիան համաձայնել էր 120 ժամով դադարեցնել կրակը, որպեսզի քրդական ջոկատները, որոնք մտնում են «Սիրիայի դեմոկրատական ուժեր» կոալիցիայի մեջ, հեռանան Անկարայի սահմանամերձ անվտանգային գոտու շրջանից։

Հոկտեմբերի 13-ին Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը հայտարարել է, որ ԱՄՆ-ը սկսում է դուրս բերել հազար ամերիկացի զինծառայող Սիրիայի հյուսիսից Թուրքիայի հարձակման պատճառով։ Հոկտեմբերի 16-ին ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ուժերը լիովին կազմալուծեցին իրենց ռազմակայանը, որը գտնվում էր Քոբանի քաղաքում (Այն էլ Արաբ), Հալեպից 150 կիլոմետր հյուսիս, ինչպես նաեւ թողեցին Ռաքու եւ Թաբքու քաղաքները արաբական հանրապետության հյուսիս-արեւելքում։