Հուսով եմ՝ ՀԱՊԿ-ն դրական կազդի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա: Այս մասին նոյեմբերի 4-ին «ՀԱՊԿ-ի դերը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում» թեմայով կլոր սեղանի ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

Պատգամավորը հույս հայտնեց, որ կազմակերպության ռազմական ներուժը չի կիրառվի, իսկ տարածաշրջանում խաղաղության երաշխավոր կդառնա հենց ՀԱՊԿ ֆունկցիոնալությունը, որում իր պատվավոր պատասխանատու գործառույթն ունի Հայաստանը:

Ուրիխանյանը նշեց 2 հիմնական սպառնալիք, որոնք, նրա խոսքով, պետք է մտածելու տեղիք տան: «Կա անտեսանելի սպառնալիք, որն աշխատում է մասնակից երկրների արժեքային համակարգի տարանջատման ուղղությամբ: Տվյալ ուժը, որը դրսեւորվում է նաեւ Հայաստանում, դուր չի գալիս ՀԱՊԿ-ին, կազմակերպությանը դուր չի գալիս այն ուժը, որը տարածաշրջանում ռազմական եւ քաղաքական հավասարակշռություն է ապահովում: Մեր կազմակերպությունը պետք է ակտիվացնի տվյալ ուղղությամբ իր գործունեությունը»,- պարզաբանեց նա:

Ըստ պատգամավորի՝ մեկ այլ սպառնալիք է կիբերհանցագործությունը:

Նշենք, որ ՀԱՊԿ կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստան, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը: