Երկրի տնտեսությունում տրանսֆերտների դերը նվազում է, ինչը դրական գործոն է եւ խոսում է դրա զարգացման մասին: Այս մասին նոյեմբերի 5-ին լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության պետ Վահագն Գրիգորյանը՝ ներկայացնելով 2019-ի առաջին կիսամյակի համար «Ֆինանսական կայունության մասին զեկույցը»:

Նրա խոսքով՝ տարեվերջին կանխատեսվում է 1,5% գնաճ, իսկ երկարաժամկետ հեռանկարում նախատեսվում է գրանցել մինչեւ 4%  ցուցանիշ:

Նա հավելեց, որ տնտեսական աճ է կանխատեսվում 6,9% մակարդակով, եւ բացառված չէ, որ այն կլինի 7 - 7,1% մակարդակով՝ հաշվի առնելով այն, որ աշխարհում նկատվում է սպառման աճի նվազեցում՝ անորոշության աճի ֆոնին: «Գնաճի ցածր մակարդակն ու տնտեսության մեջ անորոշությունը դրա աճի գրավականն են: Աշխարհում անորոշության ֆոնին Հայաստանը չի զգում հետեւանքները, սակայն ռիսկերը մեծանում են»,- պարզաբանեց Գրիգորյանը:

Մասնագետը նկատեց, որ արտադրության եւ ծառայությունների ոլորտում աճ է գրանցվել, սակայն գյուղատնտեսության ոլորտում աճի անկում է նկատվում: «Հայաստանում տնտեսական աճը կապված է սպառման բարձր մակարդակի հետ: Բացի այդ, արտահանման մասնաբաժինը գերազանցում է ներմուծումը: Կարեւոր է սպասել, թե տնտեսության վրա ինչ ազդեցություն կունենա բյուջեն: Ինչ վերաբերում է կյանքի մակարդակի վրա տնտեսության աճին, ապա այն զգացվում է այն ժամանակ, երբ այդ աճը կայուն է: Աշխատաշուկայի զարգացման, ինչպես նաեւ տնտեսության մեջ օպտիմալացման շնորհիվ արտադրողականության աճի պայմաններում երկարաժամկետ հեռանկարում տնտեսական աճի ցուցանիշները վերագնահատվել են 4,5%-ից մինչեւ 5%»,- եզրափակեց Գրիգորյանը: