Բալկանյան երկրները դեռեւս Եվրամիությանը միանալու հույս ունեն: Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի ղեկավար Դեւիդ Սասոլին՝ ԵՄ-ին Հյուսիսային Մակեդոնիայի եւ Ալբանիայի անդամակցության արագ բանակցությունների կոչ անելով, փոխանցում է AP-ն:

Սկոպյեում ելույթ ունենալով Հյուսիսային Մակեդոնիայի օրենսդիրների առաջ՝ Սասոլին նշել է, թե «մենք կիսում ենք ձեր դառնությունն ու հիասթափությունը» անդամակցության շուրջ բանակցությունների սկսելու ԵՄ անընդունակության պատճառով, երբ Ֆրանսիայի գլխավորությամբ ԵՄ որոշ անդամներ անցյալ ամիս արգելափակեցին գործընթացը:

Հյուսիսային Մակեդոնիան ԵՄ թեկնածու է 2005 թվականից, եւ Եվրահանձնաժողովի 11 հաջորդական դրական երաշխավորություններից հետո դեռեւս սպասում է անդամակցության շուրջ բանակցություններին:

Սասոլին ասել է, որ «երկու երկրները դեռեւս հույս ունեն սկսելու անդամակցության շուրջ բանակցությունները»՝ ներկայիս իրավիճակն անվանելով «պատմական փակուղի»: