Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր՝ նոյեմբերի 5-ին ընդունեց Չեխիայի հարավային Բոհեմիայի համալսարանի ռեկտոր Թովմաս Մաչուլային եւ պրոռեկտոր Ռադկա Զավոդսկիին՝ ուղեկցությամբ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Հանդիպմանը պրն. Ռուբեն Միրզախանյանը շնորահավորեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին գահակալության 20-ամյակի կապակցությամբ, այնուհետեւ Վեհափառ Հայրապետին ներկայացրեց հյուրերին՝ անդրադառնալով երկու համալսարանների միջեւ ձեւավորված արդյունավետ համագործակցությանը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր օրհնությունը բերելով հյուրերին, ուրախություն հայտնեց երկու համալսարանների միջեւ ձեւավորված արդյունավետ փոխգործակցության առիթով, որը կնպաստի փոխադարձաբար երկու երկրներում սովորող ուսանողների կրթական մակարդակի բարձրացմանը:

Նորին Սրբությունը գոհունակությամբ արձանագրեց, որ Սուրբ Էջմիածնի միաբաններն իրենց բարձրագույն կրթությունը շարունակում են տարբեր երկրների նշանավոր համալսարաններում եւ Քույր Եկեղեցիների հոգեւոր ուսումնական հաստատություններում, ինչն էապես բարձրացնում է նրանց կրթական մակարդակը եւ հնարավորություններ ընձեռում միջմշակութային կապերի առավել սերտացման համար:

Իր հերթին ռեկտոր Թովմաս Մաչուլային, կարեւորելով մշակույթի եւ եկեղեցու դերը երիտասարդներին կրթելու առաքելության մեջ, հույս հայտնեց, որ այս այցելությունը հիմք կհանդիսանա կրթական ոլորտում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Չեխիայի հարավային Բոհեմիայի համալսարանի միջեւ արդյունավոր համագործակցության ձեւավորման համար:

Զրույցի ընթացքում Նորին Սրբությունն անդրադարձավ նաեւ երկու երկրների միջեւ ձեւավորված բարեկամական հարաբերություններին եւ Չեխիայի հայկական համայնքի ազգային-հոգեւոր կյանքին՝ իր երախտագիտությունը հայտնելով երկրի իշխանություններին համայնքի հանդեպ դրսեւորվող հոգատար վերաբերմունքի համար: