Հոկտեմբերի 27-ին, ժամը 11.30-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքով, իրենց մոտ է տեղափոխվել Չեխովի փողոցի մի բնակիչ: Նրան դանակահարել էին, հայտնում են Ոստիկանությունից։

Բաժնի ծառայողները բացահայտման ուղղությամբ տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկեցին` հիվանդանոցում համապատասխան արձանագրություններ կազմելուց մինչեւ օպերատիվ հարցումներ: Բացահայտման աշխատանքներին միացան ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր եւ Երեւան քաղաքի վարչությունների քրեական հետախույզները: Համատեղ աշխատանքի շնորհիվ, հաղորդումից երեք օր անց, ոստիկանները տեղեկություններ ստացան, որ նշված հանցագործությունը հնարավոր է կատարած լինի Մանթաշյան փողոցի 34-ամյա մի բնակիչ:

Բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 30-ին կասկածվողը ներկայացել է ոստիկանության Շենգավիթի բաժին եւ խոստովանել, որ հոկտեմբերի 27-ին, ժամը 11-ի սահմաններում, վիճաբանության ժամանակ դանակահարել է տուժողին:

Նա նաեւ ներկայացրել է դանակը:

Հանգամանքները պարզվում են:

Քննությունը շարունակվում է: