Հայաստանի ուղղությամբ կրակոցների դեպքում ՀԱՊԿ-ն ավելի կո՞շտ դիրքորոշում պետք է որդեգրի, թե առայժմ ոչ։ Երեւանում գումարվել է ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ղեկավարների հավաքը։ Վերսկսվել է երկրորդ նախագահի եւ մյուսների գործով դատավարությունը։ Ռոբերտ Քոչարյանը դատարանի նախագահին կոչ է արել Թեմիսի նժարին դնել խոցելիություն ու պրոֆեսիոնալիզմը։ Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ։ Դատարանը մերժել է գրավի միջնորդությունը։ Չի կարելի ստանդարտից դուրս ստեղծագործական աշխատանքն անվանել սատանիզմ։ Նիկոլ Փաշինյանի լայֆը։ Պաշտոնական այցով Երեւանում է Հունաստանի նախագահը։ ՊրոկոպիոսՊավլոպուլոսն այցելել է Մեծ Եղեռնի հուշահամալիր։

Նոյեմբերի 4-ին, երեկոյան 7-ն անց կեսին մոտ, Պաշտպանության Բանակի հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինանոցում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Արարատի Հարությունյանը՝ կզակի շրջանում հրազենային վնասվածքով: Հոսպիտալի ճանապարհին Էրիկը մահացել է: Քննություն է ընթանում 19-ամյա զինվորի մահվան հանգամանքները պարզելու համար։

Էրիկ Հարությունյանի հարազատները չեն հավատում ինքնասպանության վարկածին: Երեւանում ապրող Էրիկի ընտանիքը նրա հետ վերջին անգամ հեռախոսով զրուցել է դեպքից մեկ օր առաջ եւ ոչ մի արտառոց բան չեն նկատել: Նրանց հարեւանուհին փոխանցել է, որ Էրիկը արձակուրդ էր եկել 20 օր առաջ եւ լավ տրամադրություն ուներ: Էրիկը միակողմանի ծնողազուրկ էր, մոր միակ զավակը:

Փաշինյանը նոր նշանակում է արել. Վարչապետի որոշմամբ՝ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն է նշանակվել Վրեժ Գաբրիելյանը: Օրեր առաջ վարչապետի որոշմամբ այդ պաշտոնից ազատվել էր Արտակ Նահապետյանը, իսկ Գաբրիելյանը նշանակվել ժամանակավոր պաշտոնակատար: Արտակարգ Իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն էլ ասել էր, թե Նահապետյանն «ամառային հրդեհների ժամանակ անտարբեր է եղել, տեղում չի եղել, Հայաստանում չի եղել: «Ուրիշ բաներ էլ են եղել»,-ասել էր նախարարը:

ՀԱՊԿ-ն մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցող կազմակերպություն է: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների հետ երեւանյան հանդիպմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հայաստանը ՀԱՊԿ-ն համարում է կայունության եւ անվտանգության կարեւոր գործոն մեր տարածաշրջանում եւկարեւոր նշանակություն է տալիս ՀԱՊԿ-ում գործակցության բոլոր 3 հարթություններին: Արտաքին քաղաքականության համակարգում, ռազմական, ռազմատեխնիկական համագործակցություն, անվտանգության ոլորտում ընդհանուր մոտեցում ընդհանուր սպառնալիքներին:

ՀԱՊԿ անդամ պետությունները մեծ նշանակություն են տալիս ահաբեկչության դրսեւորումների կանխման միջոցներին, լրագրողներին ասել է Ռուսաստանի Պետական դումայի ԱՊՀ եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի անդամ Կոնստանտին Զատուլինը։ Հարցի, թե կարելի է արդյոք Տավուշի մարզի խաղաղ բնակիչների վերջերս տեղի ունեցած գնդակոծումն Ադրբեջանի զինված ուժերի կողմից որակել որպես ահաբեկչություն, եւ ինչպես է ՀԱՊԿ-ն արձագանքում դրան, Զատուլինը պատասխանել է, որ այսօրվա նիստում քննարկվել է ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության աճի հարցը, բայց ինքը չի լսել, որ պաշտոնական Երեւանը Հայաստանի տարածքի գնդակոծումը մտցնի քննարկումների օրակարգ։

Ռուսաստանի կողմից զենքի վաճառքն անհանգստացնում է ոչ միայն Հայաստանին, այլեւ Ադրբեջանին, լրագրողների հետ զրույցում ասել է Պետական դումայի ԱՊՀ, եվրասիականինտեգրման կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը: Ըստ նրա՝ Ռուսաստանը Հայաստանին ապահովում է գերժամանակակից սպառազինությամբ, որը, հաճախ, չի տրամադրվում այլ երկրների: Դա, նրա խոսքով, անհանգստություն է առաջացնում Բաքվում:

Ադրբեջանի կողմից կրակոցները նոր չեն եւ այդ հարցը բազմիցս բարձրացվել է ՀԱՊԿ-ում, լրագրողներին հայտարարել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Նա վստահեցրել է, որ այդ հարցը բարձրացվում է եւ բարձրացրել են ինչպես գործող, այնպես էլ նախկին իշխանությունները: Նա անընդունելի է համարել փաստարկը, թե եթե Ռուսաստանն Ադրբեջանին զենք չվաճառի, մեկ ուրիշը կվաճառի

Այսօրվա վիճակը թելադրում է, որ Հայաստանի զինված ուժերը կարող են հենվել իրենց կարողությունների վրա. լարվածությունն այն աստիճանի չէ, որ Հայաստանը դիմի ՀԱՊԿ-ին, ասել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ հիշեցնելով, որ այս տարի կրակոցներն ավելի քիչ են, քան առաջ: Ըստ նրա, Զատուլինը ճիշտ է ասում, որ Երեւանը չի բարձրացրել Հայաստանի գնդակոծության հարցը։

Չի կարելի ստանդարտից դուրս ստեղծագործական աշխատանքն անվանել սատանիզմ, նոյեմբերի 4-ի երեկոյան, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով վերջին օրերին լայն քննարկման առարկա դարձած «ՀուԶանք ու Զանգ» ֆուտուրիստական միջոցառմանը: Փաշինյանի խոսքով` Հայաստանում մտքի համար կաղապարներ չպետք է լինեն։

Նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հունաստանի նախագահ ՊրոկոպիոսՊավլոպուլոսը: Նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՊրոկոպիոսՊավլոպուլոսիդիմավորման պաշտոնական արարողությունը: Նախագահները կատարել են զինվորական նվագախմբի եւ Պատվո պահակախմբի ստուգայց, միմյանց են ներկայացրել երկու երկրների պաշտոնական պատվիրակություններին եւ ընդունել են պատվո պահակախմբի քայլերթը:

Հունաստանի նախագահը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին: Նա նաեւ շրջայց է կատարել թանգարան-ինստիտուտում, գրառում արել թանգարանի հուշամատյանում, եղեւնի տնկել հիշատակի ծառուղում։

Երկրորդ նախագահի վիրահատությամբ պայմանավորված ընդմիջումից հետո նոյեմբերի 5-ին կայացել է «մարտի 1-ի» գործով հերթական դատական նիստը։ Խորհրդակցական սենյակում Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատելու մասին միջնորդությունը՝ քննարկելուց հետո դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնել է, որ վճիռը կհրապարակի նոյեմբերի 7-ի կեսօրին: Տուժող ճանաչված կողմը միջնորդել է իր շահերի պաշտպան ճանաչել իրավապաշտպան Մարինե Պողոսյանին, ինչին Քոչարյանի փաստաբաններն ընդդիմացել են։

Դատարանում Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները նրան ծափողջույններով են դիմավորել, ինչից հետո տեղի է ունեցել բանավեճ նախկին նախագահի կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ։ Դատավորը կարգադրել էր կարգը խախտողներին տեղնուտեղը վտարել դահլիճից, կազմել խախտողների ցուցակը՝ հետագայում նիստերին ներկա լինելու հնարավորությունից զրկելու համար: Դատական կարգադիրչները դահլիճից դուրս են հրավիրել վիճաբանող կողմերի մեկական ներկայացուցչի։

Հայաստանի երկրորդ նախագահը մտադիր չէ հրաժարվել իր քայլերից եւ գործողություններից, այս մասին դատականի նիստում ասել է ինքը՝ Ռոբերտ Քոչարյանը, ընդգծելով, որ բոլորից շատ է շահագրգռված արդար դատավարությամբ։ Նա ասել է, թե հասկանում է, թե ինչ վիճակում են դատավորները։ Թեմիսի կշեռքի մի նժարին դատավորների խոցելիությունն է իշխանությունների, դատախազության առջեւ։ Մյուս նժարին նրանց արժանապատվությունն է, պրոֆեսիոնալիզմը եւ խիղճը։ Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ իր համար տհաճ է համոզելը, որ մտադրություն չունի փախչելու կամ խանգարելու։ «Դա չի համընկնում իմ կենսագրության հետ։ Եվ ոչ ոք դահլիճի այն մասում, որտեղ նստած են Սեյրան Օհանյանը եւ Յուրի Խարատուրովը, չի փախչելու։ Նրանք միշտ ղեկավարվում են արժանապատվությամբ եւ հայրենասիրությամբ։ Ես ամոթից կմեռնեի, եթե հանկարծ ստիպված լինեի խնդրել ինչ-որ մեկին ռետուշավորել ցուցմունքները։ Թեմիսի նժարները ձեր ձեռքում են»,- ասել է Քոչարյանը։

Երկրորդ նախագահը գտնվում է անհավասար պայմաններում, մասին հայտարարել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Խոսելով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցի փոփոխման մասին, Օհանյանը մի քանի հանգամանք է նշել: Նրա խոսքով՝ մարտի 1-ի իրադարձությունները վերաբերում են 3 նախագահներին. առաջինը ընտրվել է, երկրորդը հրաժարվել է դա ընդունել, երրորդը պետք է կարգ հաստատեր եւ ինչ-որ կերպ դա փոխանցեր ընտրված նախագահին: «Հարգում եմ մյուս նախագահներին, սակայն պետք է նշեմ, որ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է անհավասար պայմաններում: Բացի այդ, տեղեկատվական այնպիսի իրավիճակ է, կարծես բոլորը կողքից նայում են եւ հիանում, թե ինչ պայմաններում է նա գտնվում»,- նշել է Օհանյանը: Նա ընդգծել է, որ Ռոբերտ Քոչարյանի հետ երկար տարիների ծանոթությունը թույլ է տալիս հաստատել, որ նա խոսքի մարդ է:

10 տարի շարունակ հերյուրանք եւզրպարտություններ են տեղացել մեր ընտանիքի հասցեին, լրագրողների հետ զրույցում ասել է երկրորդ նախագահի որդին՝ Լեւոն Քոչարյանը։ «4 միլիարդ դոլարի առասպելական ունեցվածքի հետ կապված կար ցուցակ, թե ինչն է պատկանում մեր ընտանիքին, որը իրականությունից կտրված էր։ Հռետորական հարց է առաջանում, թե ով է պատասխան տալու դրա համար, որ 10 տարի մեր ընտանիքի շուրջ հյուսվել է այդ սուտն ու կեղծիքը»,- նշել է նա։

Երկրորդ նախագահ Քոչարյանն ունի աջակիցներ, սակայն կա վախի մթնոլորտ, ասել է Լեւոն Քոչարյանը։ «Աջակիցներ կան, ես ինքս տանում եմ բազմաթիվ նամակներ տարբեր մարզերից։ Ոմանք ուզում են այն տպավորությունը ստեղծել, որ չկան աջակիցներ, կա վախի մթնոլորտ, որը պակասում է, պետք է կոտրել այդ վախի մթնոլորտը, ասել է Լեւոն Քոչարյանը»։ Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի պնդումներին, թե Նարեկ Մութաֆյանն է հարձակվել իր վրա և այդ հարցում իրեն աջակցել է Լևոն Քոչարյանը, վերջինն ասել է. «Չեմ ցանկանում տվյալ անձի ասած որեւէ խոսք մեկնաբանել»։

Լեւոն Քոչարյանը մանրամասնել է, թե ինչ վիրահատության է ենթարկվել հայրը։ «Կար փոքրիկ ուռուցք, որը պետք է հեռացվեր։ Կարեւորն այն էր, որ չարորակ բջիջներ չեն հայտնաբերվել ուռուցքի մեջ»։

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ մերժել է ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխելու պաշտպանների միջնորդությունը։ Պաշտպանները շեշտել են, որ նրա առողջական վիճակի բացասական դինամիկա է նկատվում, ավելին՝ նրա կյանքին վտանգ է սպառնում։ Դատավորը կարդացել է Մանվել Գրիգորյանի գրությունը, համաձայն որի՝ նա իրեն պատկանող «Արա եւ Այծեմնիկ» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը, 109 միավոր անշարժ գույքը փոխանցում է դատարանի դեպոզիտ հաշվին, որպես վնասի փոխհատուցում։ Ընկերության 20 տոկոսի գույքագրումից հաշվառվել է 1,5 միլիարդ դրամ։

Ամերիկյան դոլարի փոխարժեքն այսօր աննշան նվազել է եւ կազմել 476.57 դրամ։ Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.69 դրամով եւ կազմել է 530.42 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1,08 դրամով եւ հասել կազմել է 614.58 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է եւ կազմել է 7.53 դրամ։

Մինչեւ շաբաթվա վերջ օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով, նոյեմբերի 6-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեւանումեւս տեղումներ չեն կանխատեսվում. առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +1+3, վաղը ցերեկը՝ +14+16 ։