30 հոգուց մեկնումեկը չի կանգնում պարզ ճակատով, տղամարդու նման ասի՝ ես եմ կրակել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթացող «Սասնա ծռերի» գործով դատական նիստի ժամանակ ասաց ՊՊԾ գնդի գրավման ժամանակ մահացած ոստիկան Գագիկ Մկրտչյանի կինը։

«Վիրավոր մարդու շապիկն ինչպե՞ս պետք է հանեինք, եթե ձախից աջ վնասվածք է եղել եւ աջ կողմից գնդակը դուրս է եկել, բնականաբար, վերքը պետք է ավելի մեծ լիներ եւ աջ կողմից պետք է արյունոտված լիներ շապիկը։ Որ հիմա թիկունք թիկունքի իրար պաշտպանում եք, շատ ամոթ բան է։ 10 հոգի մարդ եք նստած 30 հոգի էլ ընդհանուր, տղամարդկություն չունեք ասելու, որ կանգնեն ասեն մեր կրակոցից է եղել այդ ամենը»,-ասաց նա։

Նա հարց ուղղեց «Սասնա ծռերի» գործով ամբաստանյալ Վարուժան Ավետիսյանին. «Ձեր 30 հոգուց մեկը Գագիկ Մկրտչյանի շորը հանե՞լ է, տեսե՞լ է վնասվածք կա՞»։

Ավետիսյանն էլ պատասխանեց, որ Գագիկ Մկրտչյանը մեջքով դեպի շենքը նստած է եղել, ձեռքն էլ բռնած։ Եվ նրա խոսքով՝ մարմնի այլ հատվածում արյուն չի եղել։

Կնոջ հարցին՝ ամբաստանյալ Արմեն Բիլյանն ՊՊԾ գունդ մուտք գործելու պահին որտե՞ղ է եղել, Ավետիսյանն ասաց. «Ներս մտնելուց Արմեն Բիլյանն ինձնից հետ էր ընկել։ Իր ձեռքին եղել է երկաթե կտոր»։

Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերը քննվում են դատարաններում։

ՊՊԾ գունդը զավթելու եւ նշված այլ արարաքները կատարելու մեջ մեղադրվում է 32 անձ:

7 ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը հեղափոխությունից հետո փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ, իսկ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց։