Ընդդեմ հայագիտական առարկաները ոչ պարտադիր համարող օրինագծի։ ԵՊՀ հայ բանասիրականի ուսանողները դասադուլ են սկսել, նրանց միացել են դասախոսները։ Վերսկսվել են «Սասնա ծռերի» գործերով դատական նիստերը։ Վիճաբանություն սպանված ոստիկանների կանանց ու ամբաստանյալների միջեւ։ Ազգային հավաքականը կգլխավորի հայրենական ֆուտբոլկի ամենատիտղոսակիր մարզիչը։ Արթուր Վանեցյանի նոր հույսերը։ Հայաստանին սպասում են արեւաշող օրեր։ Իրանից արաևադարձային տաք օդային հոսանքներ են թափանցում մեր երկիր։

«ՀուԶանք ու Զանգ» բացօթյա  ներկայացման շուրջ կրքերը դեռ չմարած Կրթության, գիտության, սպորտի ու մշակույթի նախարարության դեմ բողոքի ալիք է բարձրացել մայր բուհում։ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները  դասադուլ են սկսել՝ բուհական ծրագրերում «Հայոց լեզու» եւ «Հայոց պատմություն» առարկաները ոչ պարտադիր դարձնելու որոշման դեմ։

Ուսանողների բողոքի ելույթին միացել են դասախոսները։ Նրանցից լեզվաբան Վարդան Պետրոսյանը համոզված է, որ ուսանողների նախաձեռնությունը տեղին է եւ ուղղված է հայերենի շահերի պաշտպանությանը: Ըստ նրա՝ այդ առարկաների ուսուցման պարտադիր լինելը չեղարկելուց առաջ նախ պետք է դպրոցներում բարձրացվեր կրթության որակը, որպեսզի բուհ ընդունվող դիմորդը դրանցից ունենար բավարար գիտելիքներ: Դասադուլի կազմակերպիչներից Գեւորգ Գյուլումյանն ասել է, որ նման որոշումից առաջ նախ պետք էր հանրային լսումներ հրավիրել, քննարկումներ կազմակերպել, մասնագիտական խորհուրդ ստեղծել:

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի գիտխորհրդի անունից գրություն է ուղարկվել բուհի ռեկտորատ, որտեղ ներկայացված է ֆակուլտետի կարծիքը նախարարության ներկայացրած օրինագծի վերաբերյալ, որով բուհական ծրագրերում «Հայոց լեզու» եւ «Հայոց պատմություն» առարկաները ոչ պարտադիր են դառնում: Ոլորտը համակարգող նախարարության ղեկավարի հրաշարականի հարցը դասախոսներն այդքան չեն կարեւորում, որքան  կառավարության դիրքորոշումը:

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունն էլ իր հերթին է բողոքի ակցիա  իրականացրել Կրթության նախարարության շենքի մոտ: Մասնակիցները պահանջել են նախարարի հրաժարականը, ինչի պատճառը նախարարության մի շարք որոշումներն են: Նրանք արկղերով եկել են նախարարության շենք, որպեսզի հրաժարականից հետո նախարարը կարողանա իր իրերը տուն տանել։

Կրթության նախարարությունն այսօր հայտարարություն է տարածել, որով պարզաբանել է, թե վիճարկվող օրինագծով յուրաքանչյուր բուհ իրավասու է «Հայոց լեզու», «Հայ գրականություն» եւ «Հայոց պատմություն» առարկաները դարձնել պարտադիր: Նշվել է, որ օրենքի նախագիծը ոչ միայն չի նվազեցնում հայերենի եւ հայրենագիտության դերը, այլեւ հակառակը, ամրագրում է այդ կարեւոր արժեքների սերմանումն ու մասնագետների պատրաստումը:

Վերջին 11 տարում առանց գիտական որևէ հոդված գրելու՝ ԵՊՀ-ում դասավանդում է արաբագիտության ամբիոնի ասիստենտ, Կրթության նախարար Արայիկ Հարությունյանը, հայտնում է Yerkir.am-ը։ Իր բոլոր 6 աշխատությունները նա հրապարակել է մինչև 2007 թվականը, մինչդեռ դասախոսների հաստիքները հաստատելու համար  5 տարին մեկ հայտարարվող մրցույթի չափորոշիչներից մեկը գիտական աշխատությունների առկայությունն է։ Կայքն իր հրապարակումը համարում է հաղորդում է ապօրինի գործունեության մասին։

Շվեդիայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում դասախոսության ընթացքում Հայաստանի արտգործնախարարը բանավեճի է բռնվել ադրբեջանցի պատվիրակի հետ, որը հարցրել էր, արդյո՞ք Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ միասին գնալ միջազգային տրիբունալ՝ ուսումնասիրելու հայերի պատերազմական հանցագործությունները: «Իսկ ինչպե՞ս վերաբերել Ադրբեջանի հանցագործություններին: Դուք լսե՞լ եք Բաքվի մասին: Լսե՞լ եք Սումգայիթի, Մարաղայի մասին, լսե՞լ եք Շահումյանի շրջանի, Մարտակերտի, Մարտունու շրջանների մի մասի զավթման մասին: Դուք պատրա՞ստ եք հասկանալու մեր մտահոգությունները, ներգրավվելու երկխոսության մեջ: Թե՞ ձեր ճշմարտությունից բացի այլ ճշմարտություն չկա», հարցրել է Զոհրաբ Մնացականյանը՝ եւ ամփոփել՝ Ձեզ սրբի տեղ մի դրեք:

Ի դեպ՝ Բաքվում ձերբակալել են վարորդի, որը մեքենայում հայկական երգ է լսել: Բառացի մեջբերում Բաքվի ոստիկանության մամուլի ծառայության պետ Էլշադ Հաջիեւից. «Ոստիկաններն անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հաստատել են անձի ինքնությունը, որն իր մեքենայում հայկական երգ է լսել: Նա ձերբակալվել է»՝ մեջբերման ավարտը։ Դեռ հայտնի չէ՝ ինչ հոդվածով է հարուցվել քրեական գործը, բայց նախաքննությունն արդեն ընթացքի մեջ է։

30 հոգուց ոչ մեկը չի կանգնում պարզ ճակատով, տղամարդու նման ասի՝ ես եմ կրակել, «Սասնա ծռերի» գործով դատական նիստի ժամանակ ասել է ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկան Գագիկ Մկրտչյանի կինը։ Նա հարց է ուղղել «Սասնա ծռերի» գործով ամբաստանյալ Վարուժան Ավետիսյանին. «Ձեր 30 հոգուց մեկը Գագիկ Մկրտչյանի շորը հանե՞լ է, տեսե՞լ է վնասվածք կա՞»։ Ավետիսյանն էլ պատասխանել է, որ Գագիկ Մկրտչյանը մեջքով դեպի շենքը նստած է եղել, ձեռքն էլ բռնած։ Եվ նրա խոսքով՝ մարմնի այլ հատվածում արյուն չի եղել։

«Սասնա ծռերի անդամ Պավել Մանուկյանը դատարանում ասել, թե  իրենց առջեւ դրված էր հայրենիքի կորուստը, եւ իրենք ճիշտ քայլ են արել, եթե անհրաժեշտ լինի, ապա էլի են անելու։ Մանուկյանի խոսքով՝ իրենց բոլոր մեթոդներն արժանացել են ռեժիմի դժկամությանը, չոր մերժման ու հալածանքին, հայ ժողովրդի նկատմամբ կիրառվել է պետական տեռոր, հետեւաբար դահլիճում ներկա կանանց ամուսիններին սպանողներն իրենք չեն։

Որոշ բաներ լսելով գիտեմ, բայց վստահ չեմ՝  չարաշահում եղել է թե ոչ, թե ոչ, Ազգային ժողովում լրագրողներին ասել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը՝ անդրադառնալով Կադաստրի կոմիտեի արդեն նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանի մեղադրանքներին՝ ուղղված փոխվարչապետ Տիգրան Ավինյանին եւ նրա խորհրդական, քաղաքաշինության կոմիտեի նախկին տնօրեն Ավետիք Էլոյանին: Սարհատ Պետրոսյանն ասել էր, որ Հայաստանում երբեք գործունեություն չծավալած Ավետիք Էլոյանը համարվում է Հայաստանի խոշորագույն նախագծային կազմակերպության սեփականատերը եւ համակարգում է հսկայական ծավալի ներդրումային ծրագրեր։ Պետրոսյանը վստահ է, որ Ավետիք Էլոյանը այդ թույլտվությունն ստացել է՝ օգտագործելով իր պաշտոնը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի առջեւ հավաքված ցուցարարները պահանջել են Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցին զրկել ավագանու անդամի կարգավիճակից։ Նա մասնակցել էր հանրության շրջանում մեծ աղմուկ բարձրացրած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացմանը, որը «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության ղեկավար Սոնա Աղեկյանի բնորոշմամբ՝ կազմակերպվել էր «մի խումբ այլասերվածների կողմից»:

Երաժշտարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի եւ նվաճումների համար մեծանուն կոմպոզիտոր, ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանին նախագահ Սարգսյանը պարգեւատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով: Որքան շատ ժառանգություն թողնեք, այնքան հարուստ կլինենք մենք,- հանձնելով պարգեւը ասել է Արմեն Սարգսյանը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը լուսանկար է հրապարակել մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հետ։ Ֆուտբոլասերները համոզված են, որ հենց նա կղեկավարի Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի վերջին երկու հանդիպումներում Հունաստանի եւ Իտալիայի թիմերի դեմ։ «Ալաշկերտը» Խաշմանյանի գլխավորությամբ դարձել է Հայաստանի կրկնակի չեմպիոն, գավաթակիր եւ սուպերգավաթակիր։

Ամերիկյան դոլարի փոխարժեքն այսօր ավելացել է 0.27 դրամով եւ կազմել  476.84 դրամ։ Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.56 դրամով եւ կազմել 528.86 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը եւս նվազել է, բայց աննշան եւ հասել է 614.36 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը գրեթե չի փոխվել՝ 7.48 դրամ՝ մեկ ռուբլու դիմաց։

Օդերեւութաբանության կենտրոնի պետը տեղեկացնում է, որ առաջիկա 10 օրերին մեր երկիրը կգտնվի Իրանից ներթափանցող արաևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, օդի ջերմաստիճանը նոյեմբերի 7-ից 9-ը  կշարունակի բարձրանալ ևս 4-5 աստիճանով։ Նոյեմբերի 7-ին Հայաստանում, ինչպես նաեւ մայրաքաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը Երեւանում կլինի +1+3, վաղը ցերեկը՝ 15-ից 17 աստիճան զրոյից բարձր։