Գյումրիում նոյեմբերի 6-ին կայացած հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստում հիմնական զեկույցով հանդես եկավ ՀՀ ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը: Ողջունելով հյուրերին՝ նա վստահություն հայտնեց, որ միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը կլինի արդյունավետ:

Մ. Մելքումյանը կարեւորեց այն, որ ԵՏՄ 180 միլիոնանոց շուկան  տարեցտարի ընդլայնվում է, եւ այսօր արդեն ազատ առեւտրի համաձայնագրեր են կնքվել Վիետնամի, Իրանի, Սինգապուրի, Սերբիայի հետ:

Ընդգծվեց նաեւ ԵՏՄ անդամ երկրներում օրենսդրական ակտերի համապատասխանեցման հարցը, որոնք չպետք է հակասեն Միության տնտեսական խորհրդի կողմից ընդունված ակտերին: Անդրադարձ կատարվեց ԵՏՄ-ում առկա 71 խոչընդոտներին, որոնցից 55-ը սահմանվել է ՌԴ-ի կողմից:

Իր ելույթում Մ. Մելքումյանն անդրադարձավ ԵՏՄ միասնական էներգետիկ շուկայի ձեւավորման անհրաժեշտությանը: Կարեւորելով այն մեր հանրապետության համար՝ Մ. Մելքումյանը միաժամանակ ընդգծեց, որ մինչեւ 2024թ. հայտարարված միասնական շուկայի ստեղծման ժամկետը մեզ չի կարող բավարարել: Հայաստանը զարգացած էներգետիկ ենթակառուցվածք ունի, եւ այժմ ՀՀ կառավարությունն աշխատում է Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան էներգետիկ միջանցքի ստեղծման ուղղությամբ:

Հանրապետության տնտեսության համար էական նշանակություն ունի նաեւ Մեծամորի ԱԷԿ-ի տեխնիկական վերազինման 270 մլն դոլար միջպետական վարկային գծի ամբողջական ապահովման խնդիրը, որը պետք է կարգավորվի ռուսական «Ռոսատոմ» ընկերության հետ:

Կարեւորվեց նաեւ ԵԱՏՄ-ի տարանցիկ ներուժի օգտագործումը: Նշվեց, որ ՀՀ ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հոկտեմբերի 29-ին Վերին Լարսում տեղի է ունեցել հանդիպում Պետդումայի խորհրդարանի պատգամավորների հետ՝ ԱՊՀ, Եվրասիական ինտեգրման հարցերի եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Կազբեկ Թայսաեւի գլխավորությամբ: Կարեւորելով բարձրացված խնդիրը՝  ռուսական կողմը տեղեկացրել է, որ ՌԴ կառավարությունը որոշում է կայացրել Վերին Լարս անցակետի տեխնիկական վերակառուցման համար 2020 թ. հատկացնել 1,9 միլիարդ ռուբլի:

Մելքումյանը կարեւորել է նաեւ եվրասիական ապրանքանիշ ստեղծելու հարցը, ինչը կապահովի աշխատանքի միջազգային արդյունավետ բաժանումը եւ ԵՏՄ անդամների միջեւ մասնագիտացման եւ համագործակցության համապատասխան մակարդակը: Խոսվեց նաեւ ՏՏ տեխնոլոգիաների արագ զարգացման մասին, որը, սակայն, չպետք է լինի տնտեսության այլ ճյուղերի հաշվին: Հստակ է, որ առանց համապատասխան թվային հարթակի անհնար է ապահովել Միության զարգացումը, եւ Մելքումյանը հույս հայտնեց, որ հնարավորինս սեղմ ժամկետներում այս առումով ԵՏՄ տարածքում կարող ենք ունենալ հիմնարար փոփոխություններ:

Իր զեկույցի վերջում Մելքումյանը Միջխորհրդարանական հանձնաժողովին առաջարկեց Ռուսաստանի Դաշնությունում հաջորդ հանդիպմանը հաշվի առնել ԵԱՏՄ-ում օրենսդրական խոչընդոտները հաղթահարելու հետ կապված բարձրացված բոլոր հարցերը, որպեսզի ապահովվի աշխատանքի հետեւողականությունն ու արդյունավետությունը: