Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, Լոնդոնի Թագավորական քոլեջի Գլոբալ բժշկական ինովացիաների ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Արա Դարզին Մեծ Բրիտանիայի խորհրդարանին կոչ է արել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրինակով ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Լորդ Դարզին այս մասին գրել է նամակում, որը հրապարակվել է The Guardian-ում:

Լորդը ոգեւորություն է արտահայտել այն փաստով, որ անցյալ շաբաթ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւ է ընդունել:

«Բայց ես նախկինի պես մտահոգված եմ բրիտանական կառավարության կողմից Օսմանյան կայսրության անկմանը հաջորդած բռնության ալիքի հետեւանքով մոտ 1,5 մլն հայերի սպանության ճանաչման մերժմամբ: Հիտլերը մեջբերել էր Հայոց ցեղասպանության վերաբերյալ հավաքական լռությունը, երբ ծրագրում էր Եվրոպայի հրեա բնակչության ոչնչացումը»,- նշված է նամակում:

Նրա խոսքով՝ իրեն եւ իր հայրենակիցներին ցավ է պատճառում գիտակցումը, որ իրենց սեփական կառավարությունը Ցեղասպանությունը համառորեն ժխտում է ՆԱՏՕ-ի դաշնակցին՝ Թուրքիային վիրավորելու վախից:

«Իմ նախապապը եւ նրա որդիները 2015 թվականին մահապատժի են ենթարկվել Օսմանյան կայսրության կառավարական զորքերի կողմից: Նրա դուստրը՝ իմ տատիկը, որն այդ ժամանակ դեռահաս էր, մահացած ձեւանալով՝ կարողացել է փախչել: Նա մոր հետ ոտաբոբիկ Էրզրումից, որտեղ ապրում էր նրանց ընտանիքը, ոտքով մի քանի շաբաթ հետո հասել է Մոսուլ, հյուսիսային Իրաք: Ես ծնվել եմ Բաղդադում, որտեղ ապրում էինք որպես փախստականներ»,- նշում է լորդը:

Պրոֆեսորը նշել է, որ «ցեղասպանությունը գլոբալ խնդիր է»:

«Ներկայացուցիչների պալատի բանաձեւի մեջ նշված է, որ ԱՄՆ կառավարությունը իրեն այլեւս չպետք է ասոցացնի «Հայոց ցեղասպանության կամ ցանկացած որեւէ ուրիշ ցեղասպանության ժխտման հետ»: Մեր խորհրդարանը պետք է անի նույն բանը»,- ամփոփել է նա: