Անկարան երկար տարիներ շարունակ հնարավոր ամեն ինչ արել է՝ սահմանափակելու համար ամբողջ աշխարհում Ցեղասպանության ճանաչման արշավների հաջողությունը՝ առաջին հերթին մտրակի եւ բլիթի մեթոդների օգտագործմամբ: Այս մասին New Europe կայքում հրապարակված իր հոդվածում նշում է System of a Down-ի վոկալիստ, կոմպոզիտոր Սերժ Թանկյանը:

«Հայոց ցեղասպանությունը, տերմին, որն օգտագործվում է 2015 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի, հույների եւ ասորիների զանգվածային սպանությունները նկարագրելու համար, Թուրքիան տասնամյակներ շարունակ որպես քաղաքական կապիտալ է օգտագործել ամբողջ աշխարհում ժողովրդավարության դեմ»,- նշում է նա:

Թանկյանի խոսքով՝ Թուրքիայի վերջերս կատարած ներխուժումը Սիրիա անմիջականորեն ուղղված է քրդերի, հայերի եւ այս տարածաշրջանի այլ համայնքների դեմ ու «բացահայտ ցույց է տվել անպատիժ մնացած մարդասպանի իրական դեմքը»:

«Ամբողջ աշխարհի հայությունը բարոյալքվեց՝ դառնալով Սիրիայում Թուրքիայի կողմից քրդական գյուղերի եւ խաղաղ բնակիչների ռմբակոծությունների վկան: Սա նման էր հարյուրամյա վաղեմության Ցեղասպանության պատճառով հետտրավմատիկ խանգարման հետեւանքով ապրումներին: Քրդերի եւ ամերիկացիների միությունը մեկ ժամում փլուզվեց Էրդողանին հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցից հետո»,- նշում է նա:

Թանկյանը նշում է, որ իր ընկերների մեծ մասը ցնցված է այն բանից, որ Իսրայելը եւս պաշտոնապես չի ճանաչում Ցեղասպանությունը: «Անկախ Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ դիվանագիտական խնդիրներից, վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարությունն արգելափակել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բոլոր ջանքերը Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ հետախուզական տեղեկատվության փոխանակման պատճառով»,- հայտարարել է նա:

Նրա խոսքով՝ Իսրայելը պետք է լիներ առաջին պետությունը, որը Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող բանաձեւ կընդուներ: «Հայոց ցեղասպանությունը պետք է բոլորի համար պատմական կարեւոր դաս լինի: Մարդկության դեմ անպատիժ հանցանքները, որոնք միջազգային հանրությունն անտեսում է տնտեսական կամ քաղաքական շահի համար, վերջին հաշվով գլոբալ աղետների կհանգեցնեն»,- եզրափակե է Թանկյանը: