Ճապոնական Toyota ավտոընկերությունը գրանցել է զուտ շահույթի ռեկորդային մակարդակ 2019 ֆինանսական տարվա առաջին կիսամյակում (ապրիլ-սեպտեմբեր)։ Այս մասին վկայում են հինգշաբթի ընկերության հրապարակած տվյալները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Ավտոընկերության զուտ շահույթն ավելացել է 2,6 տոկոսով 2018 թվականի նույն ժամանակամիջոցի համեմատ եւ հասել ռեկորդային՝ 1,27 տրլն իեն (մոտ 11 մլրդ դոլար) նշաձողի։ Ընդգծվում է, որ կոնցեռնին հաջողվել է նման արդյունքի հասնել շնորհիվ լավ վաճառքի ինչպես Ճապոնիայում, այնպես էլ արտերկրում։

Միեւնույն ժամանակ, Toyota-ն պահպանում է շահույթի իր ընթացիկ կանխատեսումը ողջ 2019 ֆինանսական տարվա համար, որը կավարտվի 2020 թվականի մարտի 31-ին։ Ընկերության կանխատեսումներով՝ զուտ շահույթը պետք է կազմի 2,15 տրլն իեն (18,6 մլրդ դոլար), ինչը 14,2 տոկոսով ավելի է, քան 2018 ֆինանսական տարվա զուտ շահույթը։