Իրաքում վերականգնվել է ինտերնետի աշխատանքը, որն անջատվել էր մի քանի օր առաջ՝ երկրի մայրաքաղաքում զանգվածային հակակառավարական ցույցերի ֆոնին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Al-Hadath-ը:

Նշվում է, որ ինտերնետը վերականգնվել է Իրաքի ողջ տարածքում:

Երեքշաբթի Բաղդադն ու Իրաքի շրջանների մեծ մասն ամբողջությամբ անջատվել էին ինտերնետից: Առանց ինտերնետի էին մնացել Բաղդադի, Բասրայի, Քարբելայի եւ այլ քաղաքների տասնյակ միլիոնավոր բնակիչներ:

Հոկտեմբերի 1-ին Իրաքում սկսվել են հակակառավարական ցույցեր՝ ի նշան վատ կենսապայմանների, գործազրկության եւ կոռուպցիայի դեմ բողոքի։ Փողոցներ դուրս եկած մարդիկ Բաղդադում եւ մյուս քաղաքներում պահանջում են Ադել Աբդել Մահդիի կառավարության հրաժարականը, իսկ մի շարք վայրերում, ներառյալ մայրաքաղաքը, խաղաղ ցույցերը վերածվել են զանգվածային անկարգությունների եւ բախումների ուժայինների հետ։

Հոկտեմբերի 2-ին Բաղդադում ինտերնետն ամբողջությամբ անջատվել է, վերականգնվել է միայն հոկտեմբերի 11-ին։ Al Sumaria հեռուստաալիքը տեղեկացրել է, որ ինտերնետի անջատումը զանգվածային բողոքների ֆոնին Իրաքի վրա 1 մլրդ դոլար է նստել: