ԱՄՆ-ում Twitter-ի նախկին 2 աշխատակցի եւ Սաուդյան Արաբիայից եւս մեկ բնակչի մեղադրանք է առաջադրվել Էր Ռիադի օգտին օգտատերերի անձնական տվյալների հավաքման եւ փոխանցման միջոցով լրտեսության համար, հաղորդում է Reuters-ը:

Ալի Ալզաբարը եւ Ահմադ Աբուամմոն, որոնք նախկինում աշխատում էին Twitter-ում, եւ Ահմեդ Ալմութայրին, որն աշխատել է Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի համար, մեղադրվում են այն բանի համար, որ աշխատել են Էր Ռիադի օգտին՝ առանց գրանցման որպես արտասահմանցի գործակալներ:

2015-ի սկզբին Աբուամմոն հասանելիություն է ստացել Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի հայտնի քննադատի Twitter-յան էջին: Մի դեպքում նրան հաջողվել է տեսնել էլեկտրոնային հասցեն եւ հեռախոսահամարը: Նա նաեւ հասանելիություն է ստացել մեկ այլ քննադատի էջին:

Twitter-ը հայտնաբերել է մասնավոր տվյալների նկատմամբ Ալզաբարի չարտոնված հասանելիությունն ու նրան վարչական արձակուրդի ուղարկել 2015-ի վերջին, սակայն մինչ այդ նրան հաջողվել է ավելի քան 6000 հաշվից տվյալներ ստանալ: «Այդ տեղեկատվությունը կարող էր օգտագործվել Twitter-ի օգտատերերի գտնվելու վայրը սահմանելու եւ նրանց նույնականացնելու համար»,- ասվում է ԱՄՆ արդարադատության նախարարության հաղորդագրության մեջ:

Ալմութայրին, իր հերթին, մեղադրվում է Սաուդյան Արաբիայի կառավարության եւ Twitter-ի աշխատակիցների միջեւ միջնորդության համար:

Twitter-ի նախկին 2 աշխատակիցները դրամական եւ այլ պարգեւատրումներ, այդ թվում թանկարժեք ժամացույց են ստացել տեղեկատվության փոխանակման դիմաց: