Հայաստանում հանցավոր խմբին անդամակցելը կպատժվի օրենքով՝ 4-8 տարվա ազատազրկմամբ։ Այս մասին խորհրդարանական Պետաիրավական հանձնաժողովի նիստում հայտարարեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ ներկայացնելով օրենսդրական նախագծերի համապատասխան փաթեթը։

Այդ օրենսդրական նախագիծը սահմանում է «քրեական ենթամշակույթ» հասկացությունը եւ պատասխանատվությունն այն դեպքերում, երբ քաղաքացին ինքնակամ դառնում է դրա մասը՝ մտնելով քրեական ուղղվածություն ունեցող այս կամ այն խմբի մեջ։

«Քրեական ենթամշակույթ» ասելով՝ հասկանում ենք այն անձանց խումբը, որոնք ունեն քրեական կոչումներ եւ միջանձնային հիերարխիական հարաբերություններ, որոնք գործում են իրենց իսկ կողմից սահմանված եւ ճանաչված վարքագծի այն կանոններին համապատասխան, որոնք չեն համապատասխանում պետության կամ օրենքի կողմից սահմանված կանոններին, եւ որոնց նպատակը հանցագործությունների կատարումն է կամ հովանավորումը, կամ քրեական հանցագործությանը մասնակցելը, կամ բռնության, սպառնալիքի, հարկադրման եւ այլ անօրինական գործողությունների հետ կապված հրապարակային ու մասնավոր վեճերի կարգավորումը, կամ անօրինական շահույթի եւ այլ առավելության ստացումը։

«Քրեական հիերարխիայում առավել բարձր կարգավիճակ ունեցող անձը այն անձն է, որը քրեական ենթամշակույթի կողմից սահմանված եւ ճանաչված վարքագծի կանոնների համաձայն, համարվում է հեղինակություն եւ ցուցումներ է տալիս՝ քրեական ենթամշակույթի կողմից հետապնդվող նպատակներին հասնելու համար, կամ մասնակցում է միջոցների կուտակմանը՝ այդ թվում մոլի խաղերի միջոցով, կամ տիրապետում է քրեական ենթամշակույթի մեջ մտնող մի խումբ անձանց միջոցով ստացված անօրինական եկամուտը, կամ կատարում է այլ գործողություններ, որոնք ուղղված են որոշակի հանցավոր շահերի հետապնդմանը»,- պարզաբանեց Բադասյանը՝ հավելելով, որ հանցավոր խմբավորմանն անդամակցելը պատժվում է օրենքով՝ 4-8 տարվա ազատազրկմամբ, ունեցվածքի բռնագրավմամբ կամ առանց ունեցվածքը բռնագրավելու։

Պետրոսյանի խոսքով՝ ազատության մեջ գտնվող մարդիկ կան, որոնք ավելի մեծ վտանգ են ներկայացնում հանրության համար, քան քրեական հեղինակությունները. «Ես էն մարդկանցից եմ, որ աշխատանքից միայն ուղիղ տուն չեմ գնում, երբեմն էլ տնից միայն ուղիղ աշխատանքի չեմ գալիս։ Այսինքն` շփվում եմ տարբեր կատեգորիայի… Ես չեմ լսել էս վերջին տարիներին, որ Հայաստանի Հանրապետությունում քրեական աշխարհի մարդիկ ըտենց անհանգստություն ներկայացնեն, որ քրեական աշխարհն ինչ-որ անհանգստություն հարուցի մեր երկրում։ Ավելի ուրիշ մարդիկ կան, ավելի մեծ վտանգ են ներկայացնում, ազատության մեջ թրեւ են գալիս, բայց իրենք քրեական չեն համարվում։ Ազատության մեջ վխտացող կերպարներ կան, որոնք ոչ մի կերպ չեն կարող հավասարվել քրեական հեղինակություններին»։

«Քրեական հեղինակությունների» աջակցությամբ ելույթ ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը, որը հայտարարեց, որ նման տարրերի թվում կարելի է հանդիպել շատ կարգին մարդկանց, որոնք, նրա կարծիքով, ի տարբերություն շատերի, պատվի ու հարգանքի են արժանի։ Ընդ որում, նա անուղղակիորեն խոստովանեց, որ որոշակի ընկերական հարաբերություններ ունի նման տարրերի հետ։ Սակայն, չնայած բոլոր փաստարկներին եւ Պետրոսյանի բորբոքված ելույթին, խորհրդարանական հանձնաժողովը հավանություն տվեց այս օրենսդրական փաթեթին, որը ներկայացվել էր ՀՀ կառավարության կողմից. «Իմ մտահոգության առարկան այն չէ, որ պիտակավորեմ նախագիծը, ես շատ հարգանքով եմ վերաբերում ձեր անձին. ուսանողական տարիներն էլ այլ բան չեն ապացուցել։ Բայց իմ խնդիրն այն է, որ այս նախագիծը որոշակիություն ունենա։ Եթե պետությունը մարդկանց նկատմամբ պատժիչ քաղաքականություն է իրականացնում։ Քրեական հեղինակություններն էլ են մարդ, նրանք էլ իրենց իրավունքներն ու արժանապատվությունն ունեն։ Շատերից ավելի բարձր արժանապատվություն ունեն, որոնք ազատության մեջ վխտում են, բայց նախկինում Քրեական օրենքի զայրույթը չեն հարուցել։ Իմ մտահոգությունն այն է, որ հանցավոր արարք չկատարած, հանրության համար որեւէ վտանգ չներկայացնող անձը պատասխանատվության չենթարկվի։ Եթե այդպես է, եկեք բոլորին տանենք բերդերը լցնենք։ Ասենք՝ դու համարվում էիր քրեական հեղինակություն։ Շուկան էլ մի համեմատեք քրեական աշխարհի հետ։ Պետք չէ օտար երկրների փորձը մեխանիկորեն բերել Հայաստան»։