Արհեստական բանականության մեթոդները կփոխեն մարդկանց կյանքն այս դարում ճիշտ այնպես, ինչպես դա արեց ներքին այրման շարժիչը 20-րդ դարում՝ ամենուրեք եւ բոլոր ոլորտներում, համոզված է Microsoft-ի նախագահ Բրեդ Սմիթը, տեղեկացնում է HighTech+-ը։

«Հաջորդ տասնամյակների համար շատ առումներով ԱԲ-ն կլինի գործիք, որի նմանն աշխարհը դեռ չի տեսել։ Եվ հետեւաբար, այն կարող է եւ զենք լինել»,- նախազգուշացրել է Սմիթը։

Կարեւոր է ճիշտ առաջադրել հարցերը, ընդգծել է նա. ոչ թե այն մասին, թե ըստ էության ինչ կարող ենք անել նոր տեխնոլոգիայի օգնությամբ, այլ այն մասին, թե ինչպես այդ տեխնոլոգիան կարող է բարելավել մեր հասարակությունը։

«Նայելով 20-րդ դարի առաջին կեսին՝ տեսնում եք, որ այդ ժամանակ փոխակերպումը պայմանավորված էր առաջին հերթին մեկ հայտնագործությամբ՝ ներքին այրման շարժիչով։ Դա ե՛ւ մեքենան ու ինքնաթիռն էր, ե՛ւ բեռնատարն ու տրակտորը։ Դա փոխեց տնտեսության բոլոր ճյուղերը։ Կարծում եմ, արդարացի կլինի ասել, որ հաջորդ 30 տարիներին՝ մինչեւ 2050 թվականը, ԱԲ-ն, ամենայն հավանականությամբ, նույն դերը կխաղա գլոբալ տնտեսությունում»։

Սմիթն ընդգծել է, որ հարցերը, որոնք առաջ է բերում այդքան հզոր տեխնոլոգիան, նոր չեն, բայց տեխնոլոգիական ընկերություններին, ինչպես նախկինում երբեւէ, կարեւոր է սովորել դրանք տալ իրենց եւ շրջապատողներին մշտապես. «Էթիկան, որոշ իմաստով, մեր ժամանակի հիմնարար հարցն է»։

Սմիթը գլխավորում է  Microsoft-ի իրավական դեպարտամենտը եւ շատ ժամանակ է հատկացնում ԱԲ օբյեկտիվության հարցերին։ «Մենք պետք է հարցնենք, թե ինչ պետք է անեն մեքենաները, եւ մենք պետք է մտածենք այդ մասին շատ լուրջ։ Մենք մարդկության պատմության մեջ առաջին սերունդն ենք, որը մեքենաներին որոշումներ կայացնելու իրավունք կտա, որոնք ավելի վաղ ընդունել են միայն մարդիկ։ Եթե մենք սխալվենք, յուրաքանչյուր հաջորդ սերունդ կվճարի ավելի մեծ գին»։