ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով 2020 թվականի հունվարի 1-ից կգործի հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողներին ԿԳՄՍ նախարարության անվանական կրթաթոշակի տրամադրման նոր կարգը։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հրամանի համաձայն՝ մեկ տարի ժամանակով ամսական նշված չափի կրթաթոշակ կարող են ստանալ հանրակրթական ուսումնական հաստատությունների այն սովորողները, որոնք բավարարում են հետեւյալ չափանիշներից առնվազն մեկին`

Ø  միջազգային առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի մասնակիցներ․

•  առաջին կարգի դիպլոմակիրներին՝ 25․000 դրամ

•  երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 20․000 դրամ

•  երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 15․000 դրամ

•  եզրափակիչ փուլերի այլ մասնակիցներին՝ 10․000 դրամ

Ø  միջազգային դպրոցական այլ օլիմպիադաների (Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադա, Մենդելեեւյան միջազգային օլիմպիադա եւ այլն) եզրափակիչ փուլերի մասնակիցներ.

•  առաջին կարգի դիպլոմակիրներին՝ 15․000 դրամ

•  երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 10․000 դրամ

•  երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 7․500 դրամ,

Ø  ՀՀ առարկայական հանրապետական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի հաղթողներ (դիպլոմակիրներ).

•  առաջին կարգի դիպլոմակիրներին՝ 10․000 դրամ,

•  երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 7․500 դրամ,

•  երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 5․000 դրամ:

Կրթաթոշակը սովորողներին տրվում է հաստատությունների միջոցով` մեկ տարվա համար (ուսումնառությունը տվյալ հաստատությունում դադարելու դեպքում մեկ տարվա համար նախատեսված անվանական կրթաթոշակի չվճարված մասը սովորողին վճարվում է միանվագ): Սահմանվել է նաեւ, որ կրթաթոշակ ստացողների ցանկում միաժամանակ երկու կամ երեք հիմքով ընդգրկվելու դեպքում սովորողը կստանա կրթաթոշակ՝ դրանց հանրագումարի չափով:

Տեղեկացնենք, որ 2020 թ. պետական բյուջեի նախագծում ԿԳՄՍ նախարարության անվանական կրթաթոշակի համար նախատեսվել է ավելի քան 35 մլն դրամ, որը կտրամադրվի օլիմպիադաներում բարձր արդյունքներ ցուցաբերած շուրջ 370 աշակերտի: Համեմատության համար նշենք, որ 2018 թ. մասնագիտացված կրթական ծրագրեր իրականացնող դպրոցների գերազանց առաջադիմությամբ, ինչպես նաեւ հանրապետական եւ միջազգային օլիմպիադաներում բարձր արդյունքներ ցուցաբերած շուրջ 300 աշակերտի կրթաթոշակի համար  հատկացվել է մոտ 13 մլն դրամ: Ընդ որում, նշված 300 աշակերտներն ընդգրկված են եղել մասնագիտացված 4 դպրոցներում, իսկ նախարարության անվանական կրթաթոշակը նախատեսված է ՀՀ բոլոր դպրոցների համար, եթե այդ դպրոցներում կան սահմանված չափանիշներին բավարարող աշակերտներ: