Հայաստանում աննախադեպ ճնշում է գործադրվում դատական համակարգի վրա: Այս մասին նոյեմբերի 8-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը:

«Հնարավոր է, նախկինում եւս նման ճնշում է գործադրվել ինչ-որ կոնկրետ դատավորի վրա, սակայն իմ պրակտիկայի վերջին 10 տարում ողջ համակարգի վրա նման ճնշում չեմ հիշում»,- կարծիք հայտնեց փաստաբանը:

Նրա խոսքով՝ նման գնահատականը հիմնված է ոչ թե ներքին համոզման, այլ մի շարք հանգամանքների վրա՝ դատարանների արգելափակում, հեռախոսազրույցի ձայնագրություն, որում ասվում է դատավորին ուղղված կոնկրետ հրահանգների մասին, դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ քրեական գործը, Վենետիկի հանձնաժողովի ու մարդու իրավունքների հարցերով ԵԽ հանձնակատարի հայտարարությունը, դեսպանատների ձեւակերպումները:

«Այդ ամենն ապացուցում է դատարանների վրա աննախադեպ ճնշումները: Հիշեք ՍԴ անդամի ընտրության հետ կապված խնդիրը: Այլ թեկնածություն մերժվում է «մենք այլ թեկնածու ունենք» ձեւակերպմամբ: Հայաստանի Հանրապետությունն ի վիճակի չէ իրականացնել Եվրոպական կոնվենցիայով նախատեսված դատական պաշտպանություն: Այդ պատճառով մի դատավորին մյուսով փոխարինելն արդյունք չի տա, անհրաժեշտ է վերականգնել դատարանի գործառույթները»,- հայտարարեց փաստաբանը՝ պատասխանելով դատավորին բացարկ ներկայացնելու նպատակահարմարության մասին հարցին: