Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ դատավոր Աննա Դանիբեկյանն առաջնորդվում է երկակի ստանդարտներով: Այս մասին այսօր հայտարարեց փաստաբան Հովհաննես Խուդոյանը:

Փաստաբանի խոսքով՝ գրավի դիմաց ազատ արձակման մասին միջնորդության հարցով դատարանի նախորդ որոշումը ճանաչել է քննությունից խուսափելու կասկածների բացակայությունը, սակայն համարել է, որ կան կասկածներ գործընթացի վրա ճնշման վերաբերյալ: «Չնայած դրան՝ դատախազները շարունակում են պնդել այդ կետը: Եվ ես կարծում եմ, որ այդ առումով որոշակի անհարգալից վերաբերմունք կա դատավորի նկատմամբ»,- նշեց փաստաբանը:

«Այժմ օրենքով գրավ է կիրառվում թեթեւ դեպքերում: Սակայն պրակտիկայում կիրառվում է նաեւ ծանր գործերի մասով, քանի որ մարդու իրավունքներն ավելի առաջնային են: Դատարանները կիրառում են եվրոպական պրակտիկան՝ չնայած նրան, որ այն հակասում է հայրենական օրենսդրությանը»,- ասաց Խուդոյանը:

Այդ համատեքստում փաստաբանը հիշեցրեց, որ դատավոր Աննա Դանիբեկյանը նախկինում նմանատիպ դեպքերում գրավ է կիրառել: «Այստեղ մենք երկակի ստանդարտներ ենք տեսնում»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ արդեն երկրորդ անգամ է՝ դատարանն անտեսում է ՍԴ որոշումները:

Փաստաբան Արամ Օրբելյանն էլ նշեց, որ դատարանը պետք է դադարեցնի «կեսքայլերը»: «Եթե Ռոբերտ Քոչարյանը չի կարող ազատության մեջ լինել, ապա դատարանը պետք է դա հիմնավորի փաստերով, այլ ոչ թե ներքին համոզումներով»,- ասաց նա: