Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեում տեղի է ունեցել գերատեսչության ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինի հանդիպումը Հայաստանի ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հետ։ Ռուսական կողմից  օտարերկրյա պատվիրակության հետ հանդիպմանը մասնակցել են ՌԴ ՔԿ փոխնախագահ Իգոր Կրասնովը, Քրեագիտության գլխավոր վարչության (Քրեագիտության կենտրոնի) պետ  Զիգմունդ Լոժիսը եւ ՌԴ Քննչական կոմիտեի կենտրոնական աշխատակազմի մի շարք ստորաբաժանումների ղեկավարներ։

Կողմերը քննարկել են գերատեսչությունների համագործակցության ծրագրերի իրականացման հարցերը քրեագիտության եւ գիտակրթական ոլորտում, ինչպես նաեւ քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության տրամադրման առանձին ասպեկտներ։ Հայաստանցի գործընկերների համար առանձնակի հետաքրքրություն էին ներկայացնում քրեագիտական տեխնիկայի ցուցադրումը եւ նորագույն միջոցների ու մեթոդների կիրառման հարցերը հանցագործությունների հետաքննության, փորձաքննության ժամանակ, ինչպես նաեւ հիպնոսի եւ պոլիգրաֆիական հետազոտությունների օգտագործման ընթացակարգային հիմքերը։

Գերատեսչությունների ղեկավարները նշել են, որ տրանսսահմանային հանցավորության աճի պայմաններում հակաօրինական երեւույթների դեմ պայքարի արդյունավետության բարձրացումը կապված է իրավապահ մարմինների  միջգերատեսչական համագործակցության բազմակողմ համակարգի կառուցման հետ։ Ռուսաստանի եւ Հայաստանի քննչական կոմիտեների նախագահների հանդիպման արդյունքներով ստորագրվեց Համատեղ հայտարարություն՝ հանցավորությանը դիմակայելու համատեղ միջոցների ընդունման պատրաստակամության, քրեական գործերի հետաքննության որակի եւ օպերատիվության բարձրացման մասին։ Հայկական պատվիրակության այցի շրջանակում  կլինի նաեւ այցելություն Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի Մոսկվայի ակադեմիա, որտեղ նախատեսված է հանդիպում պրոֆեսորադասախոսական կազմի հետ եւ ծանոթություն ռուսաստանյան գերատեսչության աշխատանքին գիտակրթական ոլորտում։