Այսօր հրավիրել էինք մի մարդու, ով ինքն է ցանկացել գալ մեր հանձնաժողով եւ մանրամասներ հայտնել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ հավելելով, որ հրավիրվածը բժիշկ է, եղել է 3-րդ պաշտպանական շրջանում, իսկ դա ակտիվ մարտական գործողությունների շրջան է:

«Այն մասով, որ մասով բժիշկը կարող էր տեղեկատվություն փոխանցել, մեզ համար կարեւոր էր»,-ասաց նա:

Անդրանիկ Քոչարյանի խոսքով, իրենց մտահոգությունները կփարատվեն այն ժամանակ, երբ կհասկանան, թե ինչ է տեղի ունեցել քառօրյա պետարզմում, որքանով ենք դրան պատրաստ եղել:

«Ավելի կարեւոր բան ասեմ, որ մենք ստացել ենք էլի շատ կարեւոր տեղեկություն ՊՆ կողմից, մեր կողմից պահանջված եւ նախարարի կողմից ուղարկվել են լրացուցիչ նյութեր, որոնք մեզ հնարավորություն են տալիս ուսումնասիրության ծավալներն ավելի մեծացնելու: Դա վերջին շրջանի աշխատանքներից, ձեռքբերումներից մեկը կարող եմ համարել», –  ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Դիտարկմանը, թե խոստացել էին «կարկառուն» ներկայացուցիչների կանչել հանձնաժողով, ե՞րբ են կանչելու, Անդրանիկ Քոչարյանը խորհուրդ տվեց մեկ շաբաթ էլ սպասել` վստահեցնելով, որ ամենակարկառուն ներկայացուցչիներին եւս հրավիրելու են հանձնաժողով. «Ես գիտեմ դուք սպասում եք ամենակարկառունին, դրան էլ ականատես կլինեք: Մի շտապեք: Շատ պատասխանատուներ արդեն եկել են, ափսոսում եմ, որ ժամանակին ձեզ տեղյակ չեմ պահել իրենց գալու, գնալու մասին: Բայց ես ձեզ հիմա խոստացել եմ, որ շատ կարեւոր պաշտոնյաներ սկսելու են գալ եւ Արցախից, եւ Հայաստանից»,-ասաց հանձնաժողովի նախագահը: