Հայաստանում 2018 թվականի մայիսին տեղի ունեցած խաղաղ «թավշյա հեղափոխությունը» ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանին իշխանության բերեց՝ կոռուպցիայի համար թափանցիկության եւ հաշվետվողականության խթանման հարթակում: Անցած տարվա դեկտեմբերին դրան հաջորդած համընդհանուր ընտրություններում նախկին շարքային ցուցարարի համոզիչ հաղթանակի շնորհիվ նա ստացավ խորհրդարանական մեծամասնությունը՝ օրենսդրական զգալի բարեփոխումներ անցկացնելու համար, բրիտանական Capx-ում իր հոդվածում գրում է Լորդ Գառնիեն:

«Այդ իրադարձությունները ողջունեցին միջազգային դիտորդները: Freedom House-ի՝ «Ազատությունը աշխարհում» վերջին զեկույցում Հայաստանը երրորդ երկիրն էր 2018-ին քաղաքացիական ազատությունների եւ քաղաքական իրավունքների բարելավման առումով:

Սակայն հեղափոխությունից մեկ տարի անց այդ գործընթացի փխրունությունն ակնհայտ դարձավ, քանի որ կառավարությունը, կարծես, հրաժարվեց իրավակարգի աջակցման եւ քաղաքականապես անկախ դատական համակարգի ապահովման հարցերով իր պարտավորություններից:

Այս տարվա մայիսին Փաշինյանը համացանցում տեսանյութ հրապարակեց, որում կոչ արեց արգելափակել բոլոր դատարանները: Հազարավոր ցուցարարներ շրջափակեցին դատարանների շենքերը: ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ու Երեւանում ԱՄՆ դեսպանատունն այդ ակցիան դատապարտեցին:

Անկախ դատական իշխանության դեմ քաղաքական միջամտության առիթ հանդիսացավ երկրի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրավի դիմաց ազատ արձակման մասին դատարանի որոշումը: Նախկին նախագահը Փաշինյանի քաղաքական մրցակիցներից մեկն է, որը ձերբակալվել է 2008-ին արտակարգ դրության ռեժիմ հայտարարելու իր որոշման հետաքննության շրջանակում:

2008-ի անկարգությունների թափանցիկ եւ անկախ հետաքննությունը ողջունում են բոլոր միջազգային դիտորդները, որոնք հույս ունեին Հայաստանում նոր ազատականության վերածննդի վկան դառնալ: Դա լիովին համահունչ է ինչպես «թավշյա հեղափոխության», այնպես էլ «թավշյա հեղափոխություն» հայտարարած կառավարության սկզբունքներին:  

Հուլիսին ՀՔԾ-ն խուզարկեց եւ առգրավեց դատավոր Դավիթ Գրիգորյանի գրասենյակի գույքը, որը կարգադրել էր ազատ արձակել Քոչարյանին:   

Ներկայում Քոչարյանը կալանքի տակ է։ Սեպտեմբերի սկզբին Սահմանադրական դատարանը որոշեց, որ Քոչարյանի ձերբակալությունը հակասում է Սահմանադրությանը, քանի որ հաշվի չի առնում ներկա եւ նախկին բարձրաստիճան հայ պաշտոնյաների իրավական իմունիտետը դատական հետապնդումից։ Բայց մեղադրանքների հանման բողոքարկումը այս հիմքերով մերժվեց։ Դրանից մեկ օր առաջ խորհրդարանի նախագահն ասաց, որ Սահմանադրական դատարանի որոշումն անօրինական է, տրամադրություն, որն աջակցություն ստացավ վարչապետ Փաշինյանի կողմից։ Դժվար է հավատալ, որ այս իրադարձությունները չեն անդրադարձել Քոչարյանի գործով նոր դատավոր Աննա Դանիբեկյանի որոշման վրա։

Բացի այդ, հոկտեմբերի 4-ին Հայաստանի խորհրդարանը քվեարկեց այն բանի օգտին, որպեսզի Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը զրկվի լիազորություններից։ Չնայած հայցը վերջնարդյունքում մերժվեց Սահմանադրական դատարանի կողմից, բանակռիվները վարվում էին խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցության ղեկավարությամբ, որը պնդում էր, որ Թովմասյանը շահերի բախում ունի Քոչարյանի գործում նախկին կառավարող Հանրապետական կուսակցության հետ անձնական կապերի պատճառով։

Կառավարության կողմնակիցները կարող են պնդել, որ դատական իշխանության ագրեսիվ ցնցումը գտնվում է արմատական ռեֆորմիստական կառավարության իրավասության սահմաներում։ Այնուամենայնիվ, երկու կողմերից անիրավաչափ ազդեցության նման շոշափելի մեղադրանքներով դատական այդ բախումները սաստկանում են, եւ, ըստ երեւույթին, դրանք սպառնում են վերածվել մի շատ ավելի չարագուշակ բանի։ Ուստի, դժվար է ձեւակերպել երկրի դրական կերպար, որը հաջող բարեփոխվում է եւ նվաճում վստահություն ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային հանրությունում։

Հայաստանն այժմ գտնվում է կրիտիկական փուլում։ Երկիրը դարձել էր լիբերալ-դեմոկրատական արժեքների հազվադեպ փարոս այն ժամանակ, երբ ավտորիտարիզմին վերադարձի սպառնալիքը ուրվագծվում էր Եվրասիայում նույնքան ուժեղ, որքան աշխարհում որեւէ այլ տեղ։ Միջազգային հանրությունը պետք է Հայաստանի կառավարությանը պատասխանատվության կանչի իրավակարգի պահպանման եւ հեղափոխության ղեկավար սկզբունքների պահպանման համար, որը վերջերս նրան իշխանության բերեց»։