ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը մասնակցել է նոյեմբերի 8-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում (ՀԱԱՀ) կազմակերպված «Ստացի՛ր կրթություն, գտի՛ր աշխատանք, կառուցի՛ր կարիերա» կարգախոսով աշխատանքի տոնավաճառին:

Տոնավաճառի նպատակն էր ստեղծել յուրահատուկ հարթակ գործատուների, ուսանողների եւ շրջանավարտների միջեւ: Միջոցառմանը մասնակցել են շուրջ 60 գործատուներ, այդ թվում` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ՀՀ ԿԵ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ֆինանսական կառույցներ, հայաստանյան առաջատար արտադրողներ, հասարակական կազմակերպություններ:

Միջոցառման ընթացքում ուսանողները եւ շրջանավարտները հնարավորություն են ունեցել ծանոթանալու հանրապետության լավագույն ընկերությունների ներկայացուցիչների հետ, ստանալու տեղեկատվություն պրակտիկաների, թափուր աշխատատեղերի մասին, ընդգրկվելու գործատուների կադրերի բազայում, ինչպես նաեւ գտնելու մասնագիտական որակավորմանը համապատասխան աշխատանք:

Միաժամանակ գործատուներին հնարավորություն է ընձեռվել ծանոթանալու թափուր աշխատատեղերի հավակնորդների հետ, գտնելու համապատասխան գիտելիքներ եւ հմտություններ ունեցող մասնագետներ։

Ողջունելով աշխատանքի տոնավաճառի մասնակիցներին` Տիգրան Գաբրիելյանը մասնավորապես նշել է, որ այս միջոցառումը հնարավորություն է ստեղծում ներկայացնելու այն պահանջները, որոնք այսօր գործատուն դնում է աշխատուժի առջեւ, բուհերի աշխատանքն ուղղելու ժամանակի եւ շուկայի պահանջներին համապատասխան որակյալ մասնագետների պատրաստմանը, որոնք կհամալրեն աշխատաշուկայում առկա թափուր աշխատատեղերը:

Այնուհետեւ Տիգրան Գաբրիելյանը շրջել է տոնավաճառի տարածքով, ծանոթացել  գործատուների կողմից առաջարկվող աշխատատեղերին, աշխատանքային պայմաններին, զրուցել գործատուների եւ աշխատանք փնտրող երիտասարդների հետ: