Ոստիկանական ավտոմեքենա է վնասվել բողոքի ցույցի ժամանակ, որը Թբիլիսիի կենտրոնում անցկացնում են Լեւան Ակինի «Իսկ այնուհետեւ մենք պարեցինք» ոչ ավանդական սիրո մասին վրաց-շվեդական կինոնկարի ցուցադրման հակառակորդները, հայտնում է «Sputnik- Գրուզիա»-ն։

Ցույցի կազմակերպիչներն են բիզնեսմեն Լեւան Վասաձեն, որն իրեն երկրում բարոյականության խնամակալ է համարում, եւ «Վրացական երթ» ազգայնական շարժումը։ Նրանք դեռեւս մի քանի օր առաջ խոստացել էին խափանել ֆիլմի ցուցադրումը, որը պատմում է երիտասարդ պարող Մերաբի մասին, ով հիմնովին փոխվում է, երբ սիրահարվում է իր հավակնոտ մրցակից Իրակլիին։ Այս պահի դրությամբ կալանավորվել է հինգ ցուցարար, որոնք խախտել են հասարակական կարգը։

«Ամիրանի» կինոթատրոնի մոտ կազմակերպված հանրահավաքի մասնակիցները պարբերաբար հակամարտության մեջ են մտնում ոստիկանների հետ՝ պահանջելով իրենց թույլ տալ մտնել կինոթատրոնի շենք։ Հերթական բախման ժամանակ վնասվածք է ստացել երիտասարդ ակտիվիստ Աննա Սուբելիանին, որը հանդես է գալիս երկրում խոսքի ազատության պաշտպանությամբ, եւ եկել է դիտելու ֆիլմը։ Նա ասել է, թե իր գլխին ինչ-որ ծանր բան է ընկել։ Բժիշկները առաջին օգնություն են ցուցաբերել։

Ցուցարարների մեջ կան հոգեւորականներ, որոնք ձեռքներին մոմեր ունեն եւ աղոթքներ են կարդում։

Ցուցարարները «Արվամոլության օրինականացումը եւ քարոզչությունը ժողովրդի ցեղասպանություն է» կարգախոսով պաստառ են բռնել։ Ավելի վաղ նրանք ցուցադրաբար մեծ ծիածանագույն դրոշ են այրել։

Միաժամանակ, «Ամիրանի»-ում ցուցադրվում է աղմկահարույց կինոնկարը։ Թե քանի մարդ կա ներսում, հայտնի չէ։ Ֆիլմի պրեմիերան ցուցադրվելու է Թբիլիսիի եւ Բաթումի բոլոր կինոթատրոններում։