Կլիմայի պաշտպանության գործում Եվրոպական միությունը պետք է ընդօրինակելու օրինակ դառնա: Նոյեմբերի 8-ին Բեռլինում այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Եվրահանձնաժողովի նոր ղեկավար, Գերմանիայի պաշտպանության նախկին նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: Նրա խոսքով՝ Բրյուսելն այս նպատակով հաջորդ 10 տարիներին կհատկացնի 1 մլրդ եվրո, հայտնում է DW-ն: 

Ֆոն դեր Լյայենը նշել է 2050 թվականին ԵՄ երկրներում կլիմայական չեզոքության հասնելու անհրաժեշտության մասին: Սա նշանակում է ջերմոցային գազերի զրո արտանետումներով տնտեսական գործունեություն: Եվրահանձնաժողովը 2018 թվականի նոյեմբերին ներկայացրել էր արտանետումների նվազեցվման երկարաժամկետ ռազմավարական հայեցակարգ:

Ֆոն դեր Լյայենը Եվրամիությանը կոչ է արել իր շահերը պաշտպանելու համար համաշխարհային քաղաքականությանն ավելի ակտիվորեն մասնակցել: «Եվրոպան պետք է սովորի ուժի լեզուն»,- հավելել է նա: Գերմանիայի ՊՆ նախկին ղեկավարի խոսքով՝ «փափուկ ուժի» նախկին ռազմավարությունը արդի աշխարհում բավարար չէ:

«Մի կողմից՝ դա նշանակում է ուժեղացնել սեփական մկանները այն ոլորտներում, որոնցում մենք երկար ժամանակ ապավինել ենք այլոց, օրինակ՝ անվտանգության քաղաքականության մեջ»,- բացատրել է ֆոն դեր Լյայենը: «Մյուս կողմից՝ առկա ուժերի նպատակային կիրառումը այնտեղ, որտեղ շոշափվում են եվրոպական շահերը»,- նշել է Եվրահանձնաժողովի նոր ղեկավարը՝ որպես օրինակ բերելով առեւտրի ոլորտը: ԵՄ երկրները միասին կարող են «արդյունավետ» բանակցություններ վարել մաքսային արգելքի եւ առեւտրային համաձայնությունների վերաբերյալ՝ հայտարարել է նա:

Եվրամիությունը պետք է ուշադրություն դարձնի իր ուժեղ կողմերի վրա՝ կարծում է ֆոն դեր Լյայենը: Նրա կարծիքով՝ նրանց օգնությամբ հնարավոր է հաղթահարել ցանկացած մարտահրավեր: Այսպիսով, քաղաքական գործիչը «անգնահատելի» է համարել իրավական պետությունը, ազատությունը, ժողովրդավարությունը, կյանքի տարբեր ոճերի նկատմամբ բաց լինելը: «Երիտասարդությունը դա չի գտնի Ռուսաստանում կամ Չինաստանում»,- ընդգծել է նա: