Բոլիվիայում ժողովրդավարական կարգը սպառնալիքի տակ է երկրում պետական հեղաշրջում իրականացնելու փորձերի պատճառով: Ուրբաթ այսպիսի կարծիք է հայտնել երկրի նախագահ Էվո Մորալեսն այն բանից հետո, երբ որոշ ոստիկաններ միացել են իր վերընտրվելու դեմ բողոքի ցույցերին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Եղբայրներ եւ քույրեր, մեր ժողովրդավարությունը սպառնալիքի տակ է պետական հեղաշրջման պատճառով, որն անցկացնում են բռնության պատրաստ խմբերը, որոնք հարձակվում են սահմանադրական կարգի վրա»,- գրել է նա իր Twitter-յան էջում:

Նա կոչ է արել «ժողովրդին խաղաղ միջոցներով պաշտպանել ժողովրդավարությունն ու սահմանադրությունը՝ խաղաղության եւ մարդկային կյանքերի պահպանման համար»:

Ավելի վաղ բոլիվիական թերթերը հայտնել էին, որ Սանտա Կրուս, Կոչաբամբա քաղաքներում եւ երկրի մայրաքաղաք Սուկրեում ոստիկանական մի քանի ստորաբաժանումներ միացել էին Մորալեսի վերընտրվելու դեմ բողոքի ցույցերին: Երկրի պաշտպանության նախարար Խավյեր Սավալետան ընդունել էր, որ «որոշ ոստիկաններ խռովություն են բարձրացրել», բայց հայտարարել էր, որ իրավապահ մարմինները ընդհանուր առմամբ շարունակում են կատարել իրենց պարտականությունները:

Բոլիվիայում նախագահական ընտրություններն անցկացվել են հոկտեմբերի 20-ին: Տեղեկությունների համաձայն, որոնք հրապարակել է Գերագույն ընտրական դատարանը, հաղթել է պետության գործող ղեկավար Էվո Մորալեսը: Նրա հիմնական մրցակիցը՝ նախկին նախագահ Կառլոս Մեսան, հայտարարել է, որ չի ճանաչում առաջին փուլում Մորալեսի հաղթանակը: Բոլիվիայում կամարտահայտման արդյունքների հրապարակումից հետո բողոքի ցույցեր եւ գործադուլներ էին սկսվել: Մորալեսը արտակարգ դրության ռեժիմ էր հայտարարել եւ ընդդիմությանը մեղադրել պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի մեջ: