Հնդկաստանի հյուսիսում Այդոհյեում հինդուիստների եւ մուսուլմանների միջեւ վիճարկվող սրբազան վայրը ըստ երկրի գերագույն դատարանի վճռի կտրվի հինդուիստներին, որոնք ցանկանում են այնտեղ տաճար կառուցել, հայտնում է BBC-ն: 

Տեսարժան վայրը, որ երկար տարիներ մուսուլմանների եւ հինդուիստների միջեւ  «կռվախնձոր» էր, տեղակայված է Ուտար-Փրադեշ նահանգում:

Հինդուիստները համարում են, որ այս վայրում է ծնվել իրենց Ռամա աստվածը, իսկ մուսուլմանների խոսքով՝ իրենց շատ սերունդներ աղոթել են Բաբրա մզկիթում, որը կառուցված էր այս նույն վայրում:

Դատարանի որոշման համաձայն՝ Հնդկաստանի Հնագիտական հետազոտությունների կենտրոնը ապացույցներ է ներկայացրել մզկիթի տակ շենքի մնացորդների առկայության մասին, «որոնք իսլամական չեն եղել»:

Արդյունքում դատարանը որոշել է հինդուիստներին թույլ տալ իրենց տաճարն այս վայրում կառուցել, իսկ մուսուլմաններին մզկիթի կառուցման համար այլ վայր է տրամադրվել:

16-րդ դարում կառուցված Բաբրա մզկիթը հինդուիստներն ավերել էին 1992 թվականին: Դրան հետեւած բախումների հետեւանքով զոհվել էր մոտ 2 հազար մարդ: