ԱՄՆ միջազգային կրոնական ազատության հարցերով հանձնաժողովը (USCIRF) բարձր է գնահատում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընդունած Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը:

USCIRF-ի հանձնակատար Քրիսթինա Արիագան հայտարարել է. «Մենք ողջունում ենք այն փաստը, որ Կոնգրեսը «ցեղասպանություն» ճանաչեց սարսափելի չարագործությունները, որոնք Օսմանյան կայսրությունն իր գոյության վերջին տարիներին իրագործել էր հայերի եւ այլ կրոնական փոքրամասնությունների դեմ»:

Նրա խոսքով՝ Կոնգրեսի բանաձեւը կարեւոր եւ նշանակալի քայլ է զոհերին հիշելու համար:

Հանձնակատար Անուրիմա Բհարգավան հավելել է, որ ճանաչումը կարեւոր հիշեցում է այն մասին, որ նման վայրագությունները չեն սահմանափակվում հեռու անցյալով: Նա հիշեցրել է, որ վերջին տարիներին մենք դարձանք ցեղասպանությունների վկաներ: «Միացյալ Նահանգները եւ նրա միջազգային գործընկերները պետք է ցանկացած հնարավորություն օգտագործեն, որ վճռականորեն հակազդեն այդպիսի  չարագործություններին՝ որտեղ էլ եւ երբ էլ դրանք տեղի ունենան, եւ ձգտեն իրենց զոհերի համար արդարություն ապահովել»,- հայտարարել է նա: