Ես առաջին հերթին ցանկանում եմ իմ մեծ շնորհակալությունը հայտնել Նորին մեծություն, արտաքին գործերի նախարար, պարոն Զոհրաբ Մնացականյանին իր ողջույնի եւ Հայաստան այցելելու ջերմ հրավերի համար, եւ ես այն հաճույքով ընդունեցի: Այս մասին Երեւանում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ճեպազրույցում ասաց Վատիկանի պետությունների հետ հարաբերությունների հարցերով քարտուղար, արքեպիսկոպոս Փոլ Ռիչարդ Գալլահերը:

«Ինչպես առավոտյան հայտնեցի նախագահին, վարչապետին եւ ԱԳ նախարարին, ես ուրախ եմ Նորին գերազանցություն Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինից ողջույն փոխանցել Հայաստանի իշխանություններին, ինչպես նաեւ նրա օրհնանքը եւ աղոթքները հայ ժողովրդի հետագա զարգացման եւ խաղաղության ու ներդաշնակության համար: Այս այցի նպատակն է բարեկամության արտահայտումը, որը բնորոշում է մեր երկկողմ հարաբերությունները: Հայաստանի եւ Սուրբ Գահի միջեւ երկկողմ հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի մայիսին, բայց մեր փոխգործակցությունն ավելի երկար պատմություն ունի՝ հատկապես այն պատճառով, որ հենց ձեր երկիրն է աշխարհի առաջին քրիստոնեական երկիրը: Ինչ վերաբերում է վերջին մի քանի տասնյակ տարիներին, ցանկանում եմ նշել, որ իտալական «Կարիտաս» հիմնադրամի նվիրատվության շնորհիվ «Նարեկ տիրամայր» հիվանդանոցը Աշոցքին է նվիրաբերվել Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդի կողմից եւ բացվել է 1991 թվականին:

10 տարի հետո՝ 2001 թվականին Հովհաննես Պողոս պապն անձամբ այցելեց Հայաստան, իսկ 2015 թվականին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Սուրբ պատարագ մատուցեց Վատիկանի Սուրբ Պողոսի տաճարում: 2016 թվականին Ֆրանցիսկոս պապն անձամբ այցելեց Երեւան, Էջմիածին եւ Գյումրի: Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը տարբեր առիթներով այցելել է Սուրբ Գահ: Նման այցեր է կատարել նաեւ Հայաստանի բարձրագույն հոգեւոր ղեկավարությունը: Մասնավորապես՝ նշեմ Նորին Սրբազնություն, կաթողիկոս Գարեգին Երկրորդի այցը: Միաժամանակ, ցանկանում եմ ընդգծել, որ մեր հարաբերությունները բարձր մակարդակով հարաբերություններից շատ ավելի լայն են: Դրանք ներառում են բարեգործությունը եւ սոցիալական աջակցությունը, մշակութային ծրագրերը, հաճախ անցկացվող երկկողմ խորհրդակցությունները, որոնք վերաբերում են տարածաշրջանային հարցերին եւ առավել ընդարձակ մրջազգային հարաբերություններին:

Մեր համագործակցությունը բավականին ակտիվ է նաեւ մարդու իրավունքների եւ քրիստոնեական արժեքների պաշտպանության ոլորտում:

Այսօր, քիչ ավելի ուշ ես կհանդիպեմ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին:

Ցանկանում եմ կրկին հաստատել, որ հայկական կաթոլիկ եկեղեցին նույնպես մտադիր է նպաստել հայ համայնքի բարգավաճմանը»,- մասնավորապես նշեց արքեպիսկոպոս Գալլահերը: