Այսօրվա խոշոր հրդեհից այրվել են Ազգային ժողովի շենքի վարչական տարածքում գտնվող շինության տանիքի (3000 քմ) 1000 քմ հատվածը, ջերմահարվել՝ 500 քմ, ինչպես նաև ամբողջությամբ այրվել է կից երկհարկանի փայտյա տունը (56 քմ): Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Հրդեհի հետևանքով տարբեր աստիճանի այրվածքներ է ստացել երկհարկանի փայտյա տան բնակիչ Իկկա Ռոնկաինեն (ծնված 1949 թ.). վերջինս հոսպիտալացվել է Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը Իզաբելլա Ռոնկաինեին (ծնված 1961 թ.) ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ նոյեմբերի 9-ին, ժամը 15:11-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Դեմիրճյան փակուղու տներից մեկում:

Հրդեհի բարդության «Թիվ 3» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, այնուհետև՝ ևս հինգ մարտական հաշվարկ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 15 մարտական հաշվարկ և 1 ավտոսանդուղք:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ազգային ժողովի շենքի վարչական տարածքում գտնվող շինության տանիքում:

Դեպքի վայրում է գտնվում ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանը:

Ժամը 17:18-ին փրկարարներին հաջողվել է մեկուսացնել հրդեհը: 18:20-ին փրկարարներին հաջողվել է մարել հրդեհը: