Գորիսում ծրագրվում է հյուրանոցային թաղամաս կառուցել: Այս մասին այսօր` նոյեմբերի 10-ին, Գորիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը:

«Հիմա մենք բիզնեսմեններին առաջարկել ենք հետեւյալը, որ ճանապարհը, բոլոր ենթակառուցվածքները համայնքն է կատարում, տարածքները տրամադրում ենք, իրենք ներդրում են անում ու այս ամբողջ թաղամասը լինում է հյուրանոցային թաղամաս, էդ մշակույթն է մտնում»,-ասաց քաղաքապետը:

Վարչապետի հարցին, թե կան այս պահին ներդրողներ, քաղաքապետն ասաց, որ այս պահին շատ լուրջ, ռեկորդային ծավալով ներդրումներ կան քաղաքում, հիմնականում հյուրանոցներ են կառուցում:

Քաղաքապետն ասաց, որ քաղաքում 3 ասֆալտի գործարաններ կան, 3-ն էլ ամբողջ ծավալով աշխատում են, նույնիսկ չեն հասցնում:

Նշենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանն այցելել է Գորիս, ծանոթանում է տեղի զարգացման եւ սուբվենցիոն ծրագրերին: