Հայաստանում տեղի ունեցած դրական փոփոխությունները, որոնք դրսեւորվում են տնտեսության տարբեր ոլորտներում, ուզենք, թե չուզենք, հասնելու է Արցախ: Այս մասին այսօր` նոյեմբերի 10-ին, «Ազատ հայրենիք» կուսակցության 7-րդ համագումարին ասաց կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Արդեն իսկ ունենք շոշափելի արդյունքներ: Մենք տեսնում ենք, թե ինչ ծավալի եւ որակական շինարարություն է իրականացնում Հայաստանի կառավարությունը, ինչպիսի քաղաքականություն է վարում աշխատավարձերի բարձրացման ուղղությամբ, եւ մենք վստահ ենք, որ այդ իրականացվելու է նաեւ Արցախում»,-ասաց նա:

Արայիկ Հարությունյանի խոսքով` աննախադեպ աճի տեմպեր են սպասվում Հայաստանի տնտեսության զարգացման առումով. «Երբ  ամսիներ առաջ հայտարարում էի 7 տոկոս տնտեսական աճի մասին, թերահավատ էին շատերը, այսօր հայտարարում եմ, որ Հայաստանի տնտեսական աճը 2020 թվականին մոտ է լինելու 8-9 տոկոսին, իսկ 2021 թվականին՝ երկնիշ»:

«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահը նշեց, որ Հայաստանի տնտեսության վիճակին համահունչ պետք է զարգանա նաեւ Արցախի Հանրապետության տնտեսությունը:

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ Հայաաստանում տեղի ունեցած դրական փոփոխությունները դրական են ազդելու նաեւ Արցախում. «Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի դրանց ընթացքը կասեցնող դավադիրները մնան քաղաքական լուսանցքում: Արցախը Հայաստանից ու Հայաստանի իշխանություններից իբր թե պաշտպանողներն այսօր զբաղված են այլոց շահերը սպասարկելով եւ այն խոչընդոտն են, որն առաջիկայում արմատախիլ ենք անելու միասնական: Արցախը ՀՀ-ից պաշտպանելու հակապետական տրամադրությունները հօդս են ցնդում, երբ տեսնում ենք` ինչպիսի բարեփոխումներ են իրականացվում մեր բանակում»:

Նա նշեց, որ ՀՀ վարչապետի հետ  հանդիպմանը փակագծեր են բացվել, «Ազատ հայրենիք» խմբակցության պատգամավորները գոհ էին իրականացված աշխատանքներից` սկսած սննդից, վերջացրած սպառազինությունից:

Արայիկ Հարությունյանի շեշտեց՝ ՀՀ իշխանությունների եւ իրենց պատկերացումները Արցախյան խնդրի կարգավորման վերաբերյալ նույնական են:

«Արցախի ժողովրդի կարգավիճակն ու անվտանգությունը մեր այն առաջնահերություններն են, որոնց հետ կապված որեւէ զիջման մասին խոսք անգամ չի կարող լինել»,-ասաց նա` նշելով, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման արդյունավետության ապահովման կարեւոր երաշխիք կարող է դառնալ Արցախի վերադարձը բանակցային սեղան: