Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Նորավան թաղամասում 26 տարուց ավելի է` կոյուղի չկա: Այս մասին այսօր` նոյեմբերի 10-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմեցին թաղաամասի բնակիչները` հայտնելով, որ նաեւ գրավոր են խնդրի մասին հայտնել, սակայն ոչ մի արդյունք:

Վարչապետը զարմացավ, որ 26 տարուց ավելի բազմահարկ շենքերում կոյուղի չկա եւ ասաց, որ կծանոթանան խնդրին:

Քիչ անց նրան մոտեցավ թաղամասի ներկայցուցիչը եւ կրկին փորձեց ներկայացնել խնդիրը, ինչին Փաշինյանը  դժգոհ արձագանքեց, որ լսել են արդեն, պետք է քննարկեն:

Թաղամասի ներկայացուցիչը ասաց, որ ինքն ուղղակի ցանկանում է իմանալ հարցը լուծվելու է, թե  ձգձգվելու է՝ ինչպես  նախորդ իշխանությունների ժամանակ:

«Անձամբ ես հեղափոխության մասնակիցներից առաջինն եմ, մասնակցել եմ, որ մեր երեխաներն առողջ ու անվտանգ ապրեն»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր` նոյեմբերի 10-ին այցելել է Գորիս:

Նա Գորիսում շրջայց է  կատարել  Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի, Գորիսի քաղաքապետ  Առուշ Առուշանյանի հետ:

Նշենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը գտնվել է Արցախում: Նա մասնակցել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հարսանիքին: