Մի քանի հազար փարիզցիներ կիրակի ցերեկը դուրս են եկել Ֆրանսիայի մայրաքաղաքի փողոցներ՝ մասնակցելու իսլամատյացության դեմ քայլերթին։ Այս մասին տեղեկացրել է BFM հեռուստաալիքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Ցույցը, որը կազմակերպվել է մի քանի ասոցիացիաների, այդ թվում՝ Ֆրանսիայում իսլամատյացության դեմ կոլեկտիվի (CCIF) կոչով, սկսվել է Փարիզի ժամանակով ժամը 13.30-ին։ Ակցիայի մասնակիցները շարքով շարժվել են Փարիզի X օկրուգում գտնվող Հյուսիսային կայարանից դեպի Ազգի հրապարակ։

Ցուցարարներն ունեցել են պաստառներ, որոնց վրա գրված է. «Վերջ իսլամատյացությանը», «Ոչ խտրականությանը», «Ընդդեմ ագրեսիայի», «Ապրել միասին»։ Ակցիային մասնակցում են  ամենամեծ արհմիության՝ «Աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիայի» ղեկավար Ֆիլիպ Մարտինեզը եւ «Չենթարկված Ֆրանսիա» շարժան առաջնորդ Ժան-Լյուք Մելանշոնը։

Համանման ակցիաներ այսօր տեղի են ունենում նաեւ Մարսելում եւ Թուլուզում։

Իսլամատյացության դեմ ցույցի կոչերը հայտնվեցին հարավային Բայոնա քաղաքում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ 84-ամյա ֆրանսիացի Կլոդ Սինկեն քաղաքային մզկիթի առջեւ կրակեց երկու ծխականի, որոնք նրան խանգարում էին այրել կրոնական հաստատության դռները։ Դրանից հետո չարագործն այրել է մոտակայքում կայանած ավտոմեքենան եւ վերադարձել տուն հարեւան համայնքում, որտեղ նրան կալանավորել է ոստիկանությունը։ Հարձակումից տուժած տեղի բնակիչները հոսպիտալացվել են։

Հարձակվողի մեքենայում հայտնաբերվել է գազով բալոն։ Տղամարդը նաեւ ոստիկաններին ասել է, որ ունի ատրճանակ եւ նռնակներ։ Բայոնայի դատախազ Մարկ Մարիեի խոսքով՝ հարցաքննության ժամանակ չարագործն ասել է, որ «ցանկանում էր վրեժ լուծել Փարիզի Աստվածամոր տաճարն այրելու համար»։