«Հաղթանակած» երիտասարդական նախաձեռնությունն այսօր՝ նոյեմբերի 10-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպել է «Իմ սեր Հայաստան» խորագրով ֆլեշմոբ՝ նվիրված երիտասարդության և ուսանողության միջազգային օրվան: Ֆլեշմոբին  մասնակցել  են   հայաստանյան  բուհերի  ուսանողներ. նրանք  սկզբում  շուրջպար  են  բռնել հրապարակում, որից  հետո   ծածանել   են  ՀՀ  պետական  դրոշը: 

«Արցախպրես»-ի  հետ   զրույցում «Հաղթանակած» երիտասարդական     նախաձեռնության  համահիմնադիր Հովհաննես Հարությունյանն  ասել  է, որ    ֆլեշ մոբի  կազմակերպման  գաղափարն  առաջացել  է  մոտ   20   օր առաջ:

Նրա  խոսքով՝  սկզբում  իրենք  ֆեյսբուքյան  տիրույթում   են  կազմակերպել    «Իմ  սեր  Արցախ»  խորագրով   ֆլեշմոբ, որի ժամանակ  մասնակիցները  հրապարակում  էին Արցախի տեսարժան վայրերի  լուսանկարներ:

«Ֆլեշ մոբի  ամփոփումը   տեղի է  ունեցել  նոյեմբերի 5-ին  Երևանում:  Երիտասարդները  Հյուսիսային  պողոտայում ծածանել  են  150մ երկարությամբ ԱՀ պետական  դրոշը: Այդ  պահին էլ  Արցախի ուսանողների  կողմից    առաջարկ  ստացանք, որպեսզի  Ստեփնակերտում  էլ  կազմակերպենք  «Իմ  սեր  Հայաստան»  խորագրով  ֆլեշմոբ: Առաջարկը  միանգամից  հավանության  արժանացավ  մեր կողմից  և   այսօր   իրագործեցինք: Ֆլեշմոբի  նպատակը  երիտասարդների  համախմբումն  է,   և  միասնական  հայրենիք  ունենալու    գաղափարը»,-ավելացրել  է  Հարությունյանը:

Նա  նաև  տեղեկացրել  է, որ երիտասարդության և ուսանողության միջազգային օրերին  նվիրված միջոցառումների  շրջանակներում երևանյան  բուհերի   ուսանողներն  այցելել են  զորամաս: Վաղը  նախատեսսում  են  լինել   Շուշիում և  Տիգրանակերտում, ինչպես  նաև հանդիպումներ    ունենալ   Արցախյան  պատերզմի   հերոսների  և  Արցախի  թեմի  առաջնորդ  Պարգև  արքեպիսկոպոս  Մարտիրոսյանի  հետ: 

«Համերգային  շրջագայություն  կունենանք  նաև  Կապանում, Եղեգնաձորում, որին  կմասնակցեն «Արցախի  ձայներ» երաժշտական համույթը: Նոյեմբերի  14-15-ը  Երևանում   կկայանա   «Խաղաղ  պատերազմ» խորագրով     աշխատաժողով: Նոյեմբերի 17-ին  էլ  տեղի  կունենա  «Հաղթանակած»-ի  համաժողովը՝  նվիրված   Հայաստան-Արցախ-Սփյուռք  փոխհամագործակցությանը: Նույն  օրը   Երևանում  կկազմակերպենք  ամփոփիչ   համերգ»,- մանրամասնել  է   Հարությունյանը: