Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հերքում է լուրերը, թե իր կինն Իջևանում գնումներ կատարելու համար օգտվում է մարզպետին հատկացված ծառայողական մեքենայից։ NEWS.am-ի հետ զրույցում նա ասաց, որ դրանք ընդամենը ասեկոսներ են։

«Իջևանը շատ փոքր քաղաք է, և մենք էլ ապրում ենք համարյա կենտրոնում, հիմնականում ճանապարհին՝ տուն գնալուց ուղղակի քայլում ենք։ Կարծում եմ՝ դա ասեկոսե է։ Ես հերքում եմ լուրը, որ այդ նպատակով ինչ-որ բան ենք անում։ Տուն գնալուց կամ ճանապարհին մենք կարող է մտնենք խանութ, առևտուր անենք, դրա մեջ ինչ-որ բան չկա։

Իջևանում մենք հո շոփինգի չենք գնում, ճանապարհին կարող է մտնենք խանութ, հնարավոր է՝ ես խոսում եմ, դուրս չեմ գալիս, կինս է դուրս գալիս։ Հիմա այդպիսի ասեկոսներ շատ կան, սա այն թեման է, որին կարիք չեմ գտնում անդրադառնալ»,-նշեց մարզպետը։

Անդրադառնալով «Իջեւան» բժշկական կենտրոնի տնօրենի մրցույթին, նա հայտնեց, որ մոտ 20 օրից մրցույթը երկրորդ անգամ կանցկացվի։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին  կայացել է ԲԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ, սակայն մրցույթի մասնակից, ԲԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վազգեն Մարգարյանին մրցույթի հարցաշարը տրվել է ոչ լրիվ, թերի, որի պատճառով  նա բոյկոտել է մրցույթը։ Հետո  որոշվել է անցկացնել  նոր մրցույթ։

«Մրցույթը հայտարարված է, մոտ 1 շաբաթ 10 օր առաջ ենք հայտարարել, 20 օրից կլրանա ժամկետը և այս անգամ որևէ մեկը որևէ պրետենզիա չի կարող ունենալ, չնայած ասեմ, որ նախորդ անգամ մեր աշխատակիցների կողմից այն, որ չէին արձանագրել ամբողջական տրամադրումը, կապված է եղել կարգի հետ, նախկինում արձանագրման կարգ չի եղել, և նախկինում այդ գործընթացները շատ ուղղորդված բնույթ են կրել, ոչ մեկին ձեռնտու չի եղել այդպիսի կարգ ունենալ, բայց այդ մրցույթից հետո ես կարգ եմ մշակել, մարզպետի կարգադրությամբ սահմանվել է կարգ, որ մրցույթի առումով որևէ մեկը պրետենզիա չունենա և մենք պատրաստ ենք մրցույթը 2-րդ անգամ անցկացնել, որ որևէ մեկը մեղադրանք չունենա։ Կարծեմ՝ այս անգամ պարոն Մարգարյանը ևս դիմել է»։

Մարզպետը խոսեց նաև Տավուշում զբաղվածության մասին, նշեց, որ իր այն հայտարարությունից հետո, որ մեծ թվով աշխատատեղեր կան օրական 8-15 հազար դրամ աշխատավարձով, հիմա շուրջ 350 հոգի աշխատանքի է անցել․ «Այդ ժամանակվանից ի վեր մենք ավելի ինտենսիվ ենք աշխատել աշխատանքի տեղավորման ուղղությամբ, բավական դիմումներ են եղել, այս ընթացքում շուրջ 350 հոգի տեղավորվել է աշխատանքի, որն հիմնականում իրականացվել է զբաղվածության կենտրոնների միջոցով»։

Մարզպետը վերահաստատեց իր հայտարարությունն այն մասին, որ Տավուշում կիվի և բանան են մշակում, սակայն ասաց՝ ցուցանիշ նշել չի կարող, քանի որ հիմնականում տնայնագործական եղանակով են մշակում․ «Այո, մեզ մոտ բանան և կիվի են աճեցնում, մեր բնությունը շատ ավելի բարենպաստ է, քան մենք մեր նախորդ կուլտուրաններն էինք օգտագործում։ Դա խոսում է մեր հողի պարարտ լինելու մասին, սակայն դրանք հիմնականում տնայնագործական բնույթ են կրում, շուկաներում վաճառում են տեղական կիվի, այնուամենայնիվ, դեռ արդյունաբերական բնույթ չեն կրում։ Վստահ եմ՝ հենց ժողովրդի համար վստահելի կուլտուրաններ դառնան, կմշակեն,  կիվին արդեն մասայական բնույթ է կրում տնայնագործական եղանակով, հաստատ կգտնվեն մարդիկ, որոնք կմշակեն այդ պտուղները արդյունաբերական նպատակով»։

Անտառահատումների մասով Հայկ Չոբանյանն ասաց, որ հիմա ավելի լավ վիճակ է․ «Ամբողջ անտառը հսկողության տակ է, կան անօրինական ծառահատումներ, բայց դրանք 1-ից ցածր տոկոս են կազմում և  բոլորը հայտնաբերվում են։ Ես համոզված եմ, որ հետևում են գտնվում այն վտանգները, որ ունեինք»,-նշեց նա՝ հավելելով, որ թողտվություն, արտոնություն չկա ոչ մեկի պարագայում։