ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրանի հարստացման մասին Իրանի որոշումը անչափ վատ քայլ է որակել 2 երկրների հարաբերությունների համար: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նա այս մասին նշել է իր Twitter-յան էջում:

«Մեր կարծիքով եւ ունեցած տեղեկություններով՝ Իրանը ուրան է հարստացնում եւ հարստացրել է: Սա անչափ վատ քայլ է»,- հայտարարել է նա:

Թրամփը միաժամանակ նշել է, որ «շատ դրական քայլ» կլիներ «առեւանգված ՀԴԲ նախկին գործակալ Ռոբերտ Լեւինսոնին վերադարձնելը», որն Իրանում կորել էր 2007 թվականին:

Նոյեմբերի 7-ի գիշերը Իրանը Ֆորդո միջուկային օբյեկտում ուրանի հարստացումը վերականգնել էր: 2015 թվականին Իրանը ստորագրել էր Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը, որի համաձայն մինչեւ 2025 թվականը ուրան հարստացնելու իրավունք չուներ: Անցյալ տարի ԱՄՆ-ն պայմանագրից դուրս էր եկել, ինչը հանգեցրել էր Թեհրանի կողմից այս գործարքով իր պարտավորությունների կատարման կրճատմանը:

ՀԴԲ նախկին գործակալ Լեւինսոնը անհետացել էր 2007 թվականի մարտին Իրան ուղեւորության ժամանակ, նրան վերջին անգամ տեսել էին Կիշ կղզում: Վաշինգտոնը սկզբում պնդում էր, որ տղամարդը ԱՄՆ իշխանությունների գործողությունների հետ ոչ մի կապ չունի եւ Իրան է գնացել մասնավոր գործնական ուղեւորության: Սակայն 2013 թվականին Associated Press գործակալությունը լրագրողական հետաքննությամբ պարզել էր, որ Լեւինսոնն Իրանում է եղել ԿՀՎ հանձնարարությամբ:

Լեւինսոնն անցյալում աշխատել է ՀԴԲ-ում եւ զբաղվել քրեական գործերով, այդ թվում՝ ԱՄՆ-ում կազմակերպված հանցավորության դեմ պայքարով: Իրադարձությունների պաշտոնական վարկածով՝ Լեւինսոնը ՀԴԲ-ից դուրս է եկել 1998 թվականին: Հրաժարական տալուց հետո նա որոշ ժամանակ մասնավոր հետախույզ է եղել, իսկ 2006 թվականի հունիսից սկսել է համագործակցել ԿՀՎ-ի հետ՝ գերատեսչության հանձնարարությամբ տարբեր երկրների մասին տեղեկություններ ձեռք բերելով: