Կազմավորումները, որոնք պատկանում են «Ժողովրդավարական միություն» քրդական կուսակցությանը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին Սիրիա ներխուժելու առիթ են տվել, սակայն դա չի խոսում նրա գործողությունների օրինականության մասին: Սիրիայում Թուրքիան անօրինական է գործում բոլոր առումներով: Այս մասին RT-ին տված հարցազրույցում ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:

«Էրդողանն իր օրակարգն ունի, և դրանում երկու մաս կա. դա նրա սեփական նպատակներն են՝ կապված «Մուսուլման եղբայրների» հետ, ինչպես նաև որպես ԱՄՆ-ի մարիոնետ նրա առջև դրված խնդիրները: Միևնույն ժամանակ, կազմավորումները, որոնք պատկանում են «Ժողովրդավարական միություն» քրդական կուսակցությանը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին Սիրիա ներխուժելու առիթ են տվել: Էրդողանն այստեղ անօրինական է գործում բոլոր առումներով, սակայն դրա համար առիթն ապահովել են»,- ասել է Ասադը:

Նա հիշեցրել է, որ Էրդողանը տարիներով խոսել է Սիրիայի հյուսիս ներխուժելու մտադրության ու «ահաբեկիչներից» շրջանը մաքրելու մասին՝ նկատի ունենալով «Ժողովրդավարական միության» հետ կապ ունեցող քրդական կազմավորումները:

«Նրանք Էրդողանին առիթ են տվել: Ահա թե ինչ է տեղի ունեցել: Այնպես որ, նրանք մեղավոր են, և արդյունքում Էրդողանը ներխուժում իրականացրեց»,- հավելել է Ասադը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում «Խաղաղության աղբյուր» գործողությունների սկզբի մասին: Նպատակը «անվտանգության գոտի» ստեղծելն է, որը պետք է պաշտպանիչ գոտի հանդիսանա թուրքական սահմանի համար: Ըստ Անկարայի՝ այդ գոտի Թուրքիայից կարող են վերադառնալ սիրիացի փախստականները: SANA գործակալությունը գործողություններն ագրեսիա է անվանել, միջազգային հանրությունը դատապարտել է Անկարայի գործողությունները: