Կատարյալ կլիներ, եթե բանակում ինքնասպանությունների կամ ինքնասպանությունների հասցնելու դեպքեր ընդհանրապես չլինեին, քանի որ մարդկային յուրաքանչյուր կյանքի փրկումը ծանր աշխատանք է: Այս մասին նոյեմբերի 11-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

Նրա խոսքով՝ ՊՆ-ում այդ երեւույթներին ծայրաստիճան բացասաբար են վերաբերվում, եւ այդ պատճառով մեղավորները միշտ պատասխանատվության են ենթարկվում: «Սակայն ցանկացած բանակում նման դեպքերից հնարավոր չէ խուսափել: Այսինքն, մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումներում, ցավոք, գրեթե անհնար է լիարժեք պաշտպանություն ապահովելը: Ես դա թերություն եմ համարում, որի վրա պետք է աշխատել»,- հավելեց Բալայանը:

Փոխնախարարը պատասխանեց նաեւ փաստերի հնարավոր աղավաղման մասին հարցին: Նա, մասնավորապես, հայտարարեց, որ ՊՆ-ը կարող է միայն օգնել համապատասխան մարմիններին հետաքննության գործում, սակայն չի կարող միջամտել հետաքննության ընթացին, քանի որ դա հակաօրինական է եւ չի մտնում իր պարտավորությունների մեջ:

Միեւնույն ժամանակ, պաշտոնյան վստահեցրեց, որ բանակում ինքնասպանությունների աճ չկա: Ընդ որում, նա հավելեց, որ զինված ուժերում զինծառայողների հետ համապատասխան աշխատանքներ են տարվում, եւ եթե ոչ ստանդարտ պահվածք է նկատվում, զինծառայողին հավելյալ ուշադրություն է հատկացվում, նրա հետ հոգեբանական աշխատանք է տարվում, ժամանակավորապես հեռացվում է մարտական հերթապահությունից՝ անբարենպաստ միջադեպերից խուսափելու համար: