Հայաստանի եւ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարներ Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովը հագեցած բանակցություններ են անցկացրել եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ կիսվել դրանց արդյունքներով:

Նոյեմբերի 11-ին Երեւանում համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ նախարարի պաշտոնում իր նշանակվելուց հետո իր ռուս գործընկերոջ առաջին պաշտոնական այցն է: Կողմերն անդրադարձել են երկկողմ օրակարգին: Նախարարի խոսքով՝ հարաբերությունները շատ խորն են եւ բազմաշերտ, իսկ դարավոր բարեկամությունն ամրապնդվում է հաղթանակներով եւ վստահությամբ: Նախարարը հիշեցրել է, որ Սերգեյ Լավրովը ժամանել է Երեւան նախօրեին եւ մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակին հայ ժողովրդի ներդրումին նվիրված ցուցադրությանը: Ցուցադրությունը նշանավորում է Հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումների սկիզբը:

ԱԳՆ ղեկավարը նշել է, որ հարաբերությունները ներառում են բոլոր ուղղությունները ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափով, միջազգային այնպիսի կառույցների հարթակներում, ինչպիսիք են՝ ՀԱՊԿ, ԱՊՀ, ԵՏՄ: «Հայաստանի համար Ռուսաստանը համար մեկ առեւտրային գործընկերն է»,- նշել է նա՝ հավելելով, որ անցած տարի առեւտրաշրջանառությունը կազմել է 10 տոկոսից ավելի:

Ակտիվ զարգանում են մշակութային կապերն ու համակենտրոնացված համագործակցությունը: «Հայաստանն ու Ռուսաստանը հետեւողականորեն համագործակցում են ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, ԵԽ-ում: Ի հավելումն դրա՝ այսօր ԱԳՆ-երի միջեւ խորհրդակցությունների ծրագիր է ստորագրվել 2020-21 թվականների համար: Կողմերը բավարարությամբ նշել են անցած տարի ծրագրի իրականացումը»,- նշել է նախարարը՝ հայտնելով, որ շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին Սիրիայում մեր հայրենակիցներին աջակցելու համար, եւ նշել Սիրիայում Հայաստանի մարդասիրական առաքելության կարեւորությունը:  

Զոհրաբ Մնացականյանը հանդիպման ընթացքում նշել է Ռուսաստանի եւ ԵԱՀԿ ՄԽ այլ համանախագահող երկրների դերը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Այդ համատեքստում նախարարը նշել է Ռուսաստանի ջանքերը ապրիլին Մոսկվայում եռակողմ հանդիպում անցկացնելու գործում: Նախարարը նաեւ նշել է, որ տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի:

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, իր հերթին, նշել է, որ հագեցած բանակցությունները սկսել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից եւ շարունակվել ԱԳՆ-ում: Նախարարը նաեւ նշել է հարուստ, ծավալուն օրակարգը, բարձր մակարդակով ակտիվ շփումները: «Այսօր քննարկել ենք համաձայնությունների իրականացման ընթացքն ու պայմանավորվել հետագա քայլերի շուրջ»,- նշել է Լավրովը՝ որպես օրինակ նշելով Ռուսաստան պաշտպանության եւ առողջապահության նախարարների վերջին այցերը:

Նա նաեւ նշել է, որ իր հայ գործընկերների հետ քննարկել է վառելիքաէներգետիկ եւ տրանսպորտային ոլորտներում համատեղ ծրագրերը: ՌԴ ավելի քան 70 սուբյեկտ է ներգրավված համագործակցության գործընթացին՝ նշել է նախարարը: Նրա խոսքով՝ հարաբերությունների դինամիկայի մասին խոսում է նաեւ այն, որ Ռուսաստանում գրեթե 6 հազար ՀՀ քաղաքացի կրթություն է ստանում, այդ թվում 1,5 հազարը՝ դաշնային բյուջեի հաշվին: Հայաստանում գործում է ռուսական համալսարանների 6 մասնաճյուղ:

Սերգեյ Լավրովը դրական է գնահատել ԵՏՄ-ում Երեւանի նախագահությունն ու հատուկ նշել է արտաքին կապերի ընդլայնման հարցով քայլերը:

Խոսելով Ղարաբաղյան հակամարտության մասին, ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշել է լարվածության թուլացման ուղղությամբ միջոցների ամրապնդմանն ուղղված ակտիվ ջանքերի կարեւորությունը՝ հաշվի առնելով առկա համաձայնությունները: Ռուսաստանը, ինչպես եզրափակել է Սերգեյ Լավրովը, պատրաստ է աջակցություն ցուցաբերել եւ ավելի ակտիվ աջակցություն կցուցաբերի ԵԱՀԿ շրջանակում եւ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան ձեւաչափով: