Վերջերս եղա Արցախում, նոր եմ վերադարձել եւ հասցրել եմ զգալ իրավիճակն ու այն, թե ինչ է այնտեղ տեղի ունենում: Արցախում դե-ֆակտո սկսվում է նախընտրական շրջանը: Այս մասին նոյեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Կովկասի ինստիտոտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա խոսքով՝ այնտեղ արդեն թեկնածուներ են առաջադրվում եւ ինչ-որ միություններ են ստեղծվում: «Ընդհանուր առմամբ, հիմնական ուղղություններն արդեն տեսանելի են, դրանք ստեղծման փուլում են, եւ կարծում եմ, որ հասկանալի է՝ որ թեկնածուների միջեւ է լուրջ քաղաքական պայքար ընթանալու: Եվ քանի որ այնտեղ միաժամանակ եւ՛ նախագահական, եւ՛ խորհրդարանական ընտրություններ են անցկացվում, դա կազդի երկրում իշխանության կառուցվածքի վրա»,- նկատել է Իսկանդարյանը՝ հավելելով, որ քարոզարշավը, թեեւ, «այնքան էլ բուռն չէ», սակայն բավականին հետաքրքիր է:

Փորձագետի խոսքով՝ նման իրավիճակում չի կարող կանխատեսումներ անել, քանի որ իրադարձությունները կարող են այլ ընթացք ստանալ: Քաղաքագետը հավելել է, որ Արցախում ուշադիր հետեւում են Հայաստանի իրավիճակին, քանի որ ընտրություններից հետո ԼՂՀ ցանկացած նախագահի համար կարեւոր է լավ, նորմալ հարաբերություններ հաստատել Հայաստանի նոր իշխանությունների հետ: