ՆԱԵԿ-ի (Նավթ արտահանող երկրների կաղմակերպություն) երկրներն ու ՆԱԵԿ+ խումբը, ամենայն հավանականությամբ, կերկարաձգեն նավթի արդյունահանման կրճատման հարցով գործարքը: Այս մասին հայտարարել է Օմանի էներգետիկայի նախարար Մոհամմեդ բին Համադ ալ Ռումհին, հաղորդում է Reuters-ը:

Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը, Ռուսաստանն ու այլ դաշնակիցներ համաձայնել են հունվարից կրճատել նավթի արտահանումը օրական 1,2 մլն բարելով:

Գործարքը կգործի մինչեւ 2020-ի մարտը: Դեկտեմբերին ՆԱԵԿ+-ը կքննարկի հետագա հեռանկարները:

Ռումհիի խոսքով՝ նավթի պահանջարկը կբարելավվի: «Բոլոր ցուցանիշները վկայում են իրավիճակի բարելավման մասին, լավատեսական կանխատեսումներ են արվում ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ հնարավոր առեւտրային համաձայնագրի կնքման վերաբերյալ»,- ասել է նա:

ՆԱԵԿ նավթի արդյունահանումը կկրճատվի առաջիկա 5 տարում՝ ԱՄՆ-ում թերթաքարային նավթի արդյունահանման աճի եւ այլ մրցակիցների մատակարարումների ընդլայնման ֆոնին՝ ասվում է World Oil Outlook 2019 ամենամյա կանխատեսման մեջ: