Միջուկային համաձայնագրի պահպանման դեպքում Իրանին զենքի մատակարարման ՄԱԿ էմբարգոն հաջորդ տարի կհանվի։ Այս մասին հայտարարել է Հասան Ռուհանին, հայտնում է Mehr-ը։

«Եթե մենք պահպանենք միջուկային համաձայնագիրը, հաջորդ տարի անվտանգության ոլորտում մենք կհասնենք մեծ քաղաքական ձեռքբերումների»,- հայտարարել է Ռուհանին։ «Երկար տարիներ ՄԱԿ-ն արգելում էր զենք վաճառել Իրանին։ Սակայն եթե մենք մինչեւ հաջորդ տարի պահպանենք միջուկային համաձայնագիրը, երկիր զենքի մատակարարման էմբարգոն կչեղարկվի»,- հավելել է նա։

2015թ․ Իրանը եւ վեց երկրներ (ՄԱԿ ԱԽ հինգ անդամ-պետություններ՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, ինչպես նաեւ Չինաստանը) պայմանավորվել էին վերջնական Համատեղ համընդգրկուն գործողությունների պլանի մասին, որում, մասնավորապես, նախատեսվում էր միջուկային ծրագրի համար Իրանի հանդեպ սահմանված պատժամիջոցների հանում։

Սակայն Իրանի հետ գործարքի ճակատագիրը հարցականի տակ հայտնվեց 2018թ․ մայիսից, երբ ԱՄՆ-ը միակողմանիորեն դուրս եկավ համաձայնագրից։ Իրանը հայտարարեց, որ համաձայնագրի եվրոպական կողմը՝ Բրիտանիան, Գերմանիան եւ Ֆրանսիան, մինչ այժմ չեն կատարել իրենց պարտավորությունները։

Ներկայում Թեհրանը կրճատել է համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունները՝ հայտարարելով, որ այդ միջոցառումները ուղղված են նրան, որպեսզի դրդեն մյուս կողմերին կատարել իրենց պարտավորությունները եւ պահպանել պատմական համաձայնագիրը։