Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան պետք է պատրաստ լինեն արձագանքել «Իրանի կողմից միջուկային գործարքի խախտումներին, եւ դա կարող է նշանակել Թեհրանի դեմ կրկին միջազգային պատժամիջոցների սահմանւմ, թեեւ Եվրոպան դեռեւս ուզում է պահպանել համաձայանգիրը», հայտարարել է  Գերմանիայի արտգործնախարար Խայկո Մաասը, տեղեկացնում է Reuters-ը։

Անցյալ շաբաթ Իրանը հայտարարել էր, թե վերսկսել է Ֆորդոյում ուրանի հարստացումը՝ միջազգային համաձայնագրով իր պարտավորությունները կրճատելու չորրորդ փուլի շրջանակներում։

Մաասը հայտարարել է, թե երկուշաբթի ավելի ուշ Փարիզում կհանդիպի բրիտանացի եւ ֆրանսիացի իր գործընկերների հետ, որպեսզի քննարկի հետագա քայլերը։ «Իրանը պետք է, վերջապես, վերադառնա իր պարտավորություններին։ Հակառակ դեպքում մենք մեզ իրավունք կվերապահենք օգտագործել համաձայնագրում նշված բոլոր մեխանիզմները»,- ասել է նա։ «Մենք աճող անհանգստությամբ տեսնում ենք, որ ուրանի հարստացումը շարունակվում է, եւ Իրանը ոչ միայն հայտարարել է այդ մասին, այլեւ շարունակում է դա անել»,- հավելել է Մաասը։