Սանկտ Պետերբուրգի դատարանը մինչեւ 2020թ․ հունվարի 8-ը ձերբակալել է պատմաբան, ՍՊՊՀ դոցենտ Օլեգ Սոկոլովին, որը մեղադրվում է իր նախկին ուսանողուհու սպանության մեջ, հայտնում է «Մեդուզան»։

Նիստի ժամանակ Սոկոլովը լացել եւ հայտարարել է, որ զղջում է արածի համար։ Նրա խոսքերով, իր եւ Եշչենկոյի միջեւ վեճ է ծագել, քանի որ աղջիկը սկսել է զայրանալ, երբ Սոկոլովը հիշատակել է իր երեխաներին։

Փաստաբանը խնդրել է Սոկոլովին տնային կալանքի ենթարկել։ Քննությունը դեմ է արտահայտվել՝ բացատրելով, որ դասախոսի բնակարանը հանցանքի վայր է։ Նաեւ նշել է, որ ձերբակալությունը կկանխի մեղադրյալի ինքնասպանության հնարավորությունը։

Օլեգ Սոկոլովին նոյեմբերի 9-ին տարել էին Մոյկայի փողոցից։ Նրա ուսապարկի մեջ հայտնաբերվել էին կնոջ կտրված ձեռքեր։ Նա խոստովանել էր, որ սպանել է իր նախկին ուսանողուհուն, որի հետ սիրավեպ է ունեցել։ Սոկոլովը հայտարարել էր, որ չորս անգամ կրակել է կնոջ վրա, այնուհետեւ անդամահատել է խոհանոցային դանակով։

Ինչպես հայտնել է ՌԻԱ Նովոստին, Սանկտ Պետերբուրգում հայտնաբերվել են ՍՊՊՀ ասպիրանտ Անաստասիա Եշչենկոյի մարմնի մնացած մասերը։ «Անցորդները Եկատերինգոֆկա գետում գտել են մարդկային մարմնի մնացորդներով տոպրակ։ Ենթադրաբար, դրանք պատկանում են Անաստասիա Եշչենկոյին»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Ավելի վաղ որոնողական-փրկարարական ծառայության մասնագետները կարծում էին, որ մարմնի մասերիով տոպրակը հոսանքը կարող էր տանել մինչեւ Ֆիննական ծոց։ Սուզորդները մետր առ մետր ուսումնասիրել էին Մոյկայի հատակը։