Ռուսաստանը դեմ չէ Եվրամիության հետ Հայաստանի համագործակցությանը: Այս մասին նոյեմբերի 11-ին Մատենադարանում Հայաստանի դիվանագիտական դպրոցի ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

Նրա խոսքով՝ Մոսկվան գործընկերների հետ փոխհարաբերություններում խնդիրներ չունի:

«Այլ հարց է, որ եվրոպացի գործընկերները ցանկացած տարածաշրջանում, որտեղ իրենք գործունեություն են ծավալում, իրենց դոկտրիններն ունեն, եւ անտեսում են առկա նորմերը, սկզբունքները եւ ընդհանրապես այն ամենը, ինչը կար մինչ իրենց հայտնվելը: Դա արվում է Արկտիկական, Բալթյան, Սեւծովյան ռազմավարության, Արեւելյան գործընկերության (որի կազմում է նաեւ Հայաստանը) շրջանակում»,- նշել է նա:

Նա հավելել է, որ երբ Հայաստանը բանակցություններ էր վարում ԵՄ-ի հետ՝ կապված ասոցացման մասին համաձայնագրի հետ, եվրոպացիները այդ ժամանակ եւս փորձում էին անտեսել բոլոր պարտավորությունները, որոնք Երեւանը ստանձնել է այլ գործընկերների հետ հարաբերություններում:

«Սակայն, ինչպես հիշում ենք, Հայաստանն ամրապնդել է իր հակվածությունն ու ընդգծել, որ այն ամենը, ինչը ձեռք է բերվել նախկինում, ուժի մեջ է մնում»,- եզրափակել է Լավրովը: